Թուրքական ընդդիմությունը և զինվորականների մի մասը դեմ են ռազմական գործողությանը Սիրիայում

 

Թուրքիայի մի շարք զինվորականներ չեն վստահում ամերիկացիներին և համարում են, որ Սիրիայում ԱՄՆ-ի գործողությունները կարող են ծուղակ դառնալ Թուրքիայի համար։

Թուրքական «Hurriyet Daily News» պարբերականը տեղեկացրել է, որ Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու Թուրքիայի որոշումը Հանրապետական ժողովրդական կուսակցության՝ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր կուսակցության կողմից աջակցություն չի գտնում։

Վերջինիս առաջնորդն ամենշաբաթյա նիստում սուր քննադատության է ենթարկել այդ որոշումը և հայտարարել ռազմական գործողությանն աջակցելուց հրաժարվելու մասին, քանի որ դա անցկացվում է ԱՄՆ-ի նախաձեռնությամբ։ Իր դիրքորոշումը նա հիմնավորել է նրանով, որ Թուրքիայի սահմանների վրա ԻԼԻՊ-ի ահաբեկիչներ չկան, իսկ ԱՄՆ-ը Թուրքիային մղում է «սիրիական ճահիճ»։

ՀԺԿ առաջնորդը նաև միանգամայն օրինաչափ հարց է բարձրացրել․ անհրաժեշտություն կա՞ արդյոք, որ թուրք զինվորականները զոհվեն Սիրիայում՝ այն խորապատկերին, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է դուրս բերել զորքերն այդ երկրից և խուսափել զոհերից ամերիկյան զինվորականների շրջանում։

Սիրիայում ռազմական գործողությանը չեն աջակցում նաև որոշ զինվորականներ։ Այսպես, ըստ թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրությունների, իրենց պաշտոններից զրկվել են քառաստղ գեներալ Մեթին Թեմելը և կոմանդոսների չորրորդ բրիգադի հրամանատար, բրիգադային գեներալ Մուսթաֆա Բարութը։ Նրանց տեղափոխել են ծառայության այլ վայրեր։ Հարկ է նշել, որ Մեթին Թեմելը լավ է դրսևորել իրեն «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունների ընթացքում։

Մեթին Թեմելը ուշադրություն է հրավիրել թուրքական սահմանից հեռու, Սիրիայի խորքում ահաբեկիչների հետ բախման ռիսկի վրա։ Նա, ինչպես հաղորդվում է, կտրականապես դեմ է արտահայտվել Սիրիայի հյուսիս-արևելքում ամերիկացիների հետ համատեղ գործողությանը, ինչը, գեներալի կարծիքով, կարող է լինել լոկ հնարք, քանի որ քրդական ուժերն այնտեղ էական աջակցություն են ստանում ԱՄՆ-ից։