Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով ազատ են արձակել

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ս. Մարաբյանի նախագահությամբ, քիչ առաջ կալանավորումից ազատ արձակեց Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Այս մասին վերջինիս փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ ս/թ հոկտեմբերի 1-ին դատարանն բավարարել էր ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետի և ,Հողի և ունեցվածքի գործառնություններե ՓԲԸ-ի աշխատակցի նկատմամբ  որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների հետ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Հրայր Թովմասյանի՝ ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատվածում, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի և ՀՀ ԱՆ ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ: