Ով էլ որ գնդակոծել է Սիրիայի և Ռուսաստանի զինվորականներին, Դամասկոսի համապատասխան հրամանն արդեն տրված է եղել

Իրավիճակը Սիրիայում կտրուկ վատթարացել է: Նոյեմբերի 4-ին արաբական այս երկրից անհապաղ տեղեկություններ են տարածվել այն մասին, որ այն բանից հետո, երբ սիրիական բանակը և Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը վերականգնել են Սիրիայի վերահսկողությունը մի շարք նավթահանքերի և ջրհորների վրա, կամ թուրքերը, կամ ամերիկացիները գնդակոծել են սիրիական և ռուս զինվորականներին: Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ առայժմ չկան: ԱՄՆ-ից հայտարարություն կա, որ կրակոցները իբր Սիրիայի և Ռուսաստանի զինված ուժերի դեմ չեն իրականացվել: Թուրքիան այդ օրը` նոյեմբերի 4-ին, լռել է: Ռուսաստանը, ընդհակառակը, հաղորդագրություն էր տարածել գնդակոծման մասին իր գրեթե բոլոր հեռուստաալիքներով: Մեր կարծիքով, սա ծայրաստիճան նուրբ և կարևոր նրբերանգ է, որն իր մեջ թաքցնում է  գնդակոծման վերաբերյալ հեռուստատեսային հայտարարություններում չհրապարակված շատ տվյալներ:

Բայց, սկզբունքորեն, իրավիճակի որոշակի պայթյունը վաղուց է հասունացել: Արդեն հաղորդել ենք, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հոկտեմբերի վերջին վերջնագիր է ներկայացրել Թուրքիային և թուրքամետ ահաբեկիչներին Իդլիբ նահանգում: Եվ ահա, Ալ-Ասադի վերջնագրից մի քանի օր անց, փաստորեն, ռազմական բախում է տեղի ունենում: Չէ՞ որ, չհրահրված գնդակոծումը ռազմական հարձակումն է, այն էլ՝ այն երկրի բանակի վրա, որը հանդիսանում է Հյուսիսային Սիրիայի այդ նավթային դաշտերի տերը: Մենք ևս մեկ անգամ հիշեցնում ենք. Հյուսիսային Սիրիայում կան բազմաթիվ բնակավայրեր և տարածքներ, որտեղ բնակվում են սիրիացի քրիստոնյաները, այդ թվում նաև՝ մեր հայրենակից հայեր:

Ոչ պակաս անհանգստացնող են հաղորդումները, որ սիրիական ուժերը ամրապնդում են պաշտպանական գծերը Հասեքե նահանգում և հենց թուրքական ուժերը հետ մղելու համար, հայտնում են միջազգային լրատվական գործակալությունները: Հենակետերը տեղակայված են Թել-Թամար – Էլ-Կամիշլի խճուղում: Սիրիական զորքերը կրակային հենակետերն են զբաղեցնում Թել-Թամարի շուրջ: Պաշտոնական Դամասկոսի վերահսկողության տակ  է գտնվում 60 կմ հեռավորությամբ հատվածը՝ Էլ-Ագեբեշ, Սավամի Ալիա և Թել-Թամար բնակավայրերի միջև, հայտնում էր ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով սիրիական SANA գործակալությանը: Երկու ռազմական շարասյուն միավորվել են Աբու Ռասայինում, որտեղ, հոկտեմբերի 30-ին, ենթադրաբար, բախում է տեղի ունեցել Սիրիայի բանակի և թուրքերի ու Անկարայի կողմից սատարվող սիրիական գրոհային-ահաբեկիչների միջև: Կիրակի, նոյեմբերի 3-ին, ինչպես հաղորդվում է, կրակոցներ չեն արձանագրվել։

Մինչդեռ պատրաստվում են նաև թուրքական ուժերը. նրանք ուժեղացնում են հենակետերը Մթալլե և Ջան-Թամար գյուղերում: Այսինքն` ինչպես կարելի է ենթադրել, սիրիական և թուրքական ուժերը կանգնել են իրար դեմ: Պարզ է, որ Թել-Թամարը և Ջան-Թամարը միմյանց շատ մոտ են տեղակայված: Նկատենք, որ դեռ հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաղորդել էր, որ Ռուսաստանը չի լսել լրատվամիջոցների հաղորդումների հաստատումը սիրիական տարածքում թուրքական և սիրիական ուժերի միջև ուղղակի լուրջ բախումների մասին, չնայած որ «խոշոր համաձայնությունների իրականացման հարցում որոշակի շեղումներն անխուսափելի են»: Բայց հիմա՝ նոյեմբերի 4-ին, սիրիական բանակի և Ռուսաստանի ռազմական ոստիկանության զինծառայողների և սպաների գնդակոծման մասին հաղորդում են արդեն ռուսական հեռուստաալիքները: Հետևաբար, մենք անխուսափելիորեն խոսում ենք այն մասին, որ սիրիական զորքերի գործողությունները Հասեքե նահանգում Սիրիայի Գերագույն հրամանատարի հրամանի կատարումն է: Այսինքն` նախագահ Բաշար ալ Ասադի:

Իր հերթին, մենք պետք է ակնկալենք, որ Սիրիայի, Ռուսաստանի և Իրանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն արդեն, բացառված չէ, անցկացնում են իրենց գաղտնի խորհրդակցությունները: Շարունակենք հետևել իրավիճակի զարգացմանը:

Սերգեյ Շաքարյանց