Հայաստանն ազատ համացանց ունեցող երկիր․ Freedom House

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2019 թվականին համացանցի ազատության առումով վարկանշային ցանկը:

Հայաստանը 76 բալով ներառվել է ազատ համացանցային տիրույթ ունեցող երկրների ցանկում:

Freedom House-ի մասնագետները երկրները գնահատել են երեք ցուցանիշով՝ ըստ համացանցի հասանելիության հարցում խոչընդոտների, բովանդակության սահմանափակումների և օգտատերերի իրավունքների խախտման աստիճանի:

«Հայաստանում շարունակվում են 2018 թվականի Թավշյա հեղափոխության արդյունքում առաջացած դրական փոփոխությունները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավորել է բովանդակության սահմանափակումների և օգտատերերի իրավուքների խախտումների նվազեցմանն ուղղված գործողությունները…  Թվային լրատվամիջոցները մեծ ազատություն են ստացել տնտեսական և քաղաքական ճնշումներից»,- ասվում է կազմակերպության զեկույցում:

Համացանցային տիրույթի ազատության ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ճապոնիան և Հարավային Կորեան:

Հարևան Վրաստանը 1 բալ պակաս է հավաքել և նույնպես ներառված է ազատ համացանցային տիրույթ ունեցող երկրների ցանկում:

Ադրբեջանը և Թուրքիան ընդգրկված են անազատ համացանցային տիրույթ ունեցող երկրների ցանկում և համապատասխանաբար 39 և 37 բալ են ստացել: