Հորդորու՛մ եմ վերանայել ձեր մոտեցումները մեր ազգային, հոգևոր, մշակութային, ընտանեկան արժեքների նկատմամբ

Տեր Եփրեմ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ անդրադարձել է դպրոցներում Հայ Եկեղեցու պատմության և հայոց պատմության առարկաների միավորմանը՝ ասելով, որ դա հակապետական, հակաեկեղեցական քայլ է։

«Եկեղեցու որևիցե առաքելության դեմ դուրս գալը, կամ դրան խոչընդոտ հանդիսանալը, քայլ է նաև եկեղեցու դեմ…

Հայ Եկեղեցու պատմության առարկայի դասավանդումը եկեղեցու առաքելություններից ու կարևոր ծրագրերից մեկն է, և դրա դեմ արշավը պետական մակարդակով և երեկ արդեն տեսանք՝ վարչապետի համաձայնությամբ, խոսում է հենց այդ մասին։

Որքանով էլ, որ վարչապետն ու այլոք փորձեն պատճառաբանել, թե Հայ Եկեղեցու պատմության և Հայ Ժողովրդի պատմության առարկաները կարելի է մի առարկայով դասավանդել՝ նկատի ունենալով, որ դրանք դարերով զուգահեռ ճանապարհ են անցել, և որն այդպես էլ է, այնուամենայնիվ կա շատ կարևոր մի հանգամանք, որն ուշադրության կարիք ունի։

Նախ, ես վստահ եմ, որ մեր ազգն այնքան հարուստ և հզոր պատմություն ունի, որ Հայ Ժողովրդի պատմություն առարկայի ամենօրյա դասավանդումն անգամ քիչ կլինի այն ուսումնասիրելու, ճանաչելու ու դրանով ոգեշնչվելու համար, ուր մնաց թե նմանատիպ հարուստ պատմություն ունեցող Հայ Եկեղեցու անցած ուղին և նրա առաքելությունը Հայ Ժողովրդի կյանքում՝ Հայ Ժողովրդի պատմություն առարկայի դասագրքում ներառելով եղած դասաժամերը քիչ հագեցած դարձնելը։

Վարչապետը և շատ շատերը տարբեր առիթներով կարող են դպրոցում դասավանդվող այս կամ այն առարկայի առաջնայնությունից կամ կարևոր չլինելուց խոսել, սակայն ունենալ ամեն ինչ, լինել հզոր գաղափարի տեր, ամենուր փայլել ինտելեկտով, բայց և միևնույն ժամանակ հեռու լինել բարոյական արժեքներից ու բարոյագիտությունից, դա կարելի է նմանեցնել մի աղբյուրի, որ առատաբուխ ջուր ունի, որը սակայն դառնահամ է…

Ուզում եմ, որ Հայ Եկեղեցու պատմություն առարկայի դեմ մարտնչողները լավ հասկանան, որ դասընթացները ոչ միայն մեր եկեղեցու պատմությունն են սովորեցնում աշակերտներին, այլ նաև, որը և բնական է, քանզի չի կարող Քրիստոնեական Եկեղեցին կապ չունենալ Աստվածաշնչյան արժեքների և Քրիստոնեական բարոյագիտության հետ, բարոյագիտության ուսուցումներ են տալիս մեր մատաղ սերնդին։

Այո՛, այս հանգամանքն է, որ մեծ ուշադրության կարիք ունի…

Այնպես որ հարգարժան պաշտոնյաներ, կրթության ոլորտի և վաղվա մեր ապագայի պատասխանատուներ, հորդորու՛մ եմ վերանայել ձեր մոտեցումները մեր ազգային, հոգևոր, մշակութային, ընտանեկան արժեքների նկատմամբ, և Հայ Եկեղեցու պատմություն, Հայ Ժողովրդի պատմություն, Ռազմագիտություն, Հայոց Լեզու և Հայ Գրականություն առարկաների ուսուցումը կասկածի տակ դնելու փոխարեն, խորքային անդրադարձ կատարեք ձեր առաքելությանը, եթե իհարկե ձեր պարագային դա կարելի է այդպես անվանել…

Վերջում ուզում եմ մեջբերել Հայ Ազգի մեծագույն և նվիրյալ զավակներից մեկի՝ Գարեգին Նժդեհի խոսքը .

«Ուզու՞մ եք խորապես ճանաչել մեկին,
խոսեցրեք նրան Աստծո մասին»։

Մնացե՛ք բարյավ և Աստծուն հնազանդ եղեք…»

Եկեղեցու որևիցե առաքելության դեմ դուրս գալը, կամ դրան խոչընդոտ հանդիսանալը, քայլ է նաև եկեղեցու դեմ…Հայ Եկեղեցու…

Опубликовано Տեր Եփրեմ Հարությունյան Понедельник, 4 ноября 2019 г.