Եթե քաղաքական գործիչը կարող է գետնին կապած հաչալ, ոռնալ, ապա կամասուտրան ևս արվեստ է․ Թեհմինա Վարդանյան

Քաղաքական գործչին վայել չէ գետնին կապած ոռնալ, հաչալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Երևանի «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը` անդրադառնալով ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցի մասնակցությանը աղմկահարույց «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը:

«Եթե քաղաքական գործիչը կարող է գետնին կապած հաչալ, ոռնալ, ապա կամասուտրան ևս արվեստ է, որ նախարարությունները կֆինանսավորեն: Դա ի՞նչ արտահայտություն է՝ արվեստը սահմաններ չունի։ Այո՛, արվեստը, բայց ոչ թե սանձարաձակությունը, ոռնոցներն ու այլանդակությունը: Թող իր քաղաքական թիմը, թիմի ղեկավարների միջամտությունը լինի այստեղ: Եթե իր քաղաքական թիմի վերադասների համար սա նորմալ է, և եթե քաղաքապետը շարունակի տիկին Խաչունցի լիազորությունները չսահմանափակել, ուրեմն իրենք ևս պատասխանատվություն են կիսում: Իհարկե, կմեկնաբանեն, որ ավագանու անդամն ընտրովի է և որևէ մեկն իրավունք չունի պարտադրել, որ մանդատ դնեն, բայց երբ վարչության պետերին և մնացածին, իրենց բառերով, առաջարկվում է դիմում գրել և հեռանալ, ինչպես, օրինակ, կենադանաբանականի տնօրենի հետ եղավ, թող տիկին Խաչունցին էլ առաջարկեն դիմում գրել և հեռանալ, որովհետև պատվից վեր է այդ մարդու հետ նույն դահլիճում գտնվել: Եթե մարդը որևէ տեղ կապված հաչում է և ոռնում է, ու դա նորմալ է, ներողություն, դա իմ համար նորմալ չէ, որ իմ քաղաքի խնդիրներով զբաղվի նման մարդը»,-նշել է նա:

Թեհմինա Վարդանյանը հույս հայտնեց, որ այդ հարցը «Իմ քայլը» խմբակցությունում կքննարկեն և լուծում կտան. «Հուսով եմ`10 հոգի կգտնվի, որ կասի` ի՞նչ է սա»:

Նշենք, որ ըստ կազմակերպիչների «ՀուԶանք ու Զանգը» կատարողական արվեստի նախագիծ է, որը սինթեզում է ժամանակակից պարն ու պոեզիայի ռիթմը։

Ըստ կազմակերպիչների՝ ,Հուզանք ու զանգըե հարցականի տակ է դնում կնոջ պահվածքի, խոսելու և շարժվելու ձևի հանրային ընկալումը։ Ներկայացումը հղացվել է այս ընթացքում Երևանում գտնվող գերմանացի վիզուալ և պերֆորմանս արվեստագետ Լինդա Նադջիի հետ համագործակցությամբ։ Նախագիծը իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։