Սրանք դեռ զգուշացումներ, մեսիջներ են, դրանց մեծ պայթյունն է հաջորդելու, եթե Հայաստանում շարունակվի այլասերման քաղաքականությունը (տեսանյութ)

Սրանք դեռ զգուշացումներ են, մեսիջներ, հաղորդագրություններ, ուղերձներ, և եթե դրանցից ճիշտ հետևություններ չարվեն և Հայաստանում շարունակվի այլասերման քաղաքականությունը` Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու փորձով կամ վավերացմամբ, ապա ներկայիս բողոքի միջոցառումներին հաջորդելու է մեծ պայթյունը… Այն ժամանակ ոմանք երանի կտան, որ ոտքի ելած մարդիկ սահմանափակվեն սոսկ Բաղրամյան պողոտան և, ընդհանրապես, Երևանի և Հայաստանի այլ բնակավայրերի փողոցներն ու խաչմերուկները փակելով:

Ինչպես արդեն հայտնի է, Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը նոյեմբերի 1-ին ժամը 10-ից Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի միջոցառում էր կազմակերպել ընդդեմ Եվրոպայի խորհրդի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի (GREVIO/ԳՐԵՎԻՈ) անդամների ու խմբի ղեկավար Մ. Նաուդիի, Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Վերոնիկա Բելկովայի, ԵԽ Մարդու իրավունքների և գենդերային հարցերի գրասենյակի ղեկավարի, ինչպես նաև ԱԺ պետական- իրավական, արտաքին հարաբերությունների, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի, որն իր օրակարգում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը հասնելու և կոնվենցիային նվիրված հարցերն ուներ: «Կամքը» հանդես էր գալիս Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը հասնելու հիշյալ Եվրոպացի պաշտոնյաների նպատակադրման և, ընդհանրապես, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ:

Ի թիվս այլոց, ելույթ ունեցավ նաև «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը: Կուսակցության նախագահը հայտարարեց, որ մեր երկրում Ստամբուլյան կոնվենցիան տեղ չունի, կոչ արեց հասարակությանը տեր կանգնել մեր ազգային ու հոգևոր արժեքներին, մեր ազգի ինքնությանն ու սեփական դեմքին:

«Մեզ փորձում են համոզել, որ Ստամբուլյան կոնվենցիան ընդունվում է որպես օրենք, որը կպաշտպանի կանանց և երեխաներին բռնությունից,- իր ելույթում ասաց Արման Ղուկասյանը:- Մենք ինքներս կարող ենք պաշտպանել մեր կանանց և երեխաներին, մենք ինքներս կարող ենք պաշտպանել մեր ընտանիքները, և այդ հարցում մեզ ուրիշ մարդիկ դրսից չպետք է ասեն, թե ինչպես պետք է ապրենք մեր երկրում»:

Կուսակցության ղեկավարն ընդգծեց` կարևոր է, որպեսզի մարդիկ հասկանան այն իրական վտանգները, որոնք իր մեջ պարունակում է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը և, ըստ այդմ, մոբիլիզացվեն:

«Պետք է հասկանալ, որ սա պատերազմ է մեր սեփական ազգի, մեր ազգային արժեքների ու հայ ազգի գոյության դեմ,- ասաց Արման Ղուկասյանը:- Բոլորս պետք է պատրաստ լինենք պաշտպանելու հայ ազգին, կանանց ու երեխաներին այս չարիքից, որ թելադրվում է դրսից հայտնի ուժերի կողմից: Այս կոնվենցիան նպատակ ունի ոչնչացնելու մեր ազգը. սա է իրական գնահատականը Ստամբուլյան կոնվենցիայի»:

Բողոքի միջոցառման մասնակիցներն այնուհետև երթով շարժվեցին ՀՀ դեպի կառավարության շենք, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նստավայրի դիմաց իրենց վճռական խոսքն ասելուց հետո ընթացան Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակ, իրենց բողոքի միջոցառումը շարունակեցին այնտեղ: Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը հասնելու նպատակով հիշյալ պատվիրակության այցի, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի, ինչպես նաև կոնվենցիան վավերացնելու ՀՀ իշխանությունների մտադրության դեմ իրենց բողոքն արտահայտելու, նրանց իրենց համապատասխան ուղերձները հղելու նպատակով, որոշ ժամանակ անց Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի մոտ եկան նաև այլ նախաձեռնությունների, քաղաքական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նկատի ունենանք, որ շրջանառվող լուրերի համաձայն, կոնվենցիայի վավերացումը կներառվի ՀՀ Ազգային ժողովի 2020թ. գարնանային նստաշրջանի օրակարգ:

«2018 թվականի մայիս ամսից սկսած, ավանդական ընտանեկան արժեհամակարգի դեմ ուղղված գործընթացները մտել են եզրափակիչ փուլ,- հանդես գալով «Ո՛չ Ստամբուլին, ո՛չ այլասերմանը» նախաձեռնության հայտարարությամբ, իր ելույթում ասաց նշված նախաձեռնության ներկայացուցիչ Հայկ Այվազյանը:- Դեռևս 2019 թվականի մայիսի 9-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարեց, որ Ստամբուլյան կոնվենցիայի շուտափույթ վավերացումն իրենց օրակարգում է։ Իսկ ՀՀ կառավարության 16.05.2019 թ. թիվ 650-Լ որոշման 1-ին հավելվածի 11-րդ կետով, որպես Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանն ուղղված քայլերի իրացման վերջնաժամկետ, նախատեսված էր 2019 թվականի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակը: Ժողովրդական ճնշմամբ կառավարությունը հետաձգեց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, սակայն չի հրաժարվել այն մոտ ապագայում վավերացնելու մտադրությունից։

Ստամբուլյան կոնվենցիայի պաշտոնական անվանումն է` «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի Խորհրդի կոնվենցիա»:

Ստամբուլյան կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) վտանգներն են․

  • Կոնվենցիան սահմանում է, որ բացի մարդու կենսաբանական սեռից, կարող է լինել նաև սոցիալապես կառուցված այլ սեռ, որը կարող է չհամապատասխանել ծննդյան փաստով նրա կենսաբանական սեռի հետ։
  • Կոնվենցիայի իմաստով ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձինք կարող են համարվել ընտանեկան բռնության զոհեր, այսինքն` ԼԳԲՏ անձինք կարող են ներառվել Կոնվենցիայում սահմանված ընտանեկան միավորի կամ զուգընկերներ հասկացության ներքո:
  • Կոնվենցիան պարտադրում է, որ մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն, որպեսզի արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա։

Միասեռականներն ու իրենց իրավունքների պաշտպաններն ընտանիքում տղամարդու և կնոջ ավանդական դերաբաժանումը համարում են կարծրատիպ, որը, ըստ իրենց, պետք է կոտրվի։

  • Կոնվենցիան պարտադրում է, որ պետությունները պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն, որպեսզի պաշտոնական ուսումնական ծրագրերում և կրթական բոլոր մակարդակներում ընդգրկվեն կանանց և տղամարդկանց միջև հավասարության, կարծրատիպերից զերծ գենդերային դերերի թեմաներով ուսումնական նյութեր։

Սա նշանակում է, որ Կոնվենցիայի վավերացումից հետո դպրոցական ուսումնական ծրագրերում կարող են ընդգրկվել այնպիսի ուսումնական թեմաներ, որոնց միջոցով երեխաներին կքարոզվի, որ բացի ծննդյան փաստով կենսաբանական սեռից, գոյություն ունի նաև ձեռքբերովի սեռ, ընտանիքի ավանդական մոդելը կարծրատիպ է, իսկ միասեռականությունը՝ նորմ։

Հայաստանում Կոնվենցիայի վավերացման դեմ առ այսօր հանդես են եկել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, ՀՀ փաստաբանների պալատի անդամների նախաձեռնությունը, ՀՀ Հանրային խորհուրդը, քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, նախաձեռնություններ, մտավորականներ, մանկավարժներ, հոգեբաններ։

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ 2011 թվականից ի վեր, Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել, բայց մինչ օրս չեն վավերացրել Մեծ Բրիտանիան, Բուլղարիան, Չեխիան, Լիտվան, Լատվիան, Հունգարիան, Սլովակիան, Լիխտեյնշտեյնը, Մոլդովան, Ուկրաինան, իսկ ընդանրապես չեն ստորագրել Ռուսաստանն ու Ադրբեջանը:  Ավելին, Բուլղարիայի Սահմանադրական դատարանը Ստամբուլյան կոնվենցիան ճանաչել է հակասահմանադրական:

2018 թվականից սկսած, ՀՀ իշխանությունները բացասական եզրակացություններ են տվել մի շարք օրենքների նախագծերին, որոնցով Հայաստանում կարգելվեին միասեռ ամուսնությունները, միասեռ զույգերի կողմից երեխաների որդեգրումը, երեխաների շրջանում միասեռականության քարոզը։

Այսպես․

  • 2018 թվականի հոկտեմբերի 25-ի նիստում ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որով կարգելվեր միասեռականության քարոզչությունն երեխաների շրջանում։
  • 2019 թվականի հունիսի 13-ին ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որով սահմանվում էր պատիժ 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելու համար:
  • 2019 թվականի հոկտեմբերի 10-ի նիստում ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց միասեռականների և սեռափոխ անձանց կողմից երեխա որդեգրելը և միասեռ ամուսնություններն արգելող` Ընտանեկան օրենսգրքում‰ փոփոխություններ կատարելու օրենքի նախագծերին։

Միասեռական զույգերի իրավուքների պաշտպանությանն է ուղղված նաև 2019 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հրապարակված «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով ՀՀ իրավական դաշտ է մտցվում «զուգընկեր» հասկացությունը, որը սահմանվել է որպես միևնույն անձի հետ մտերիմ (այդ թվում՝ ինտիմ) հարաբերությունների մեջ գտնվող անձ։ Սա նշանակում է, որ միասեռ զույգերի միջև տեղի ունեցած բռնությունը որակվելու է որպես բռնություն ընտանիքում։

Հաշվի առնելով վերոգրյալ իրողությունները, ինչպես նաև նոր իշխանությունների օրոք աննախադեպ ագրեսիվ և թշնամական գործողությունները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի դեմ, փաստում ենք, որ ՀՀ ներկայիս իշխանությունները լծվել են միասեռականության անարգել քարոզի, երեխաների շրջանում այլասերումները որպես նորմ սերմանելու, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում այլ սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն ունեցող կամ, այսպես կոչված, ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեկսուալ, տրանսգենդեր) անձանց լայն և արտոնյալ իրավունքների օրենսդրական ամրագրման գործին։

Ուստի կոչ ենք անում հասարակական և քաղաքական բոլոր կազմակերպություններին, նախաձեռնություններին, ՀՀ արժանապատիվ և գիտակից քաղաքացիներին միանալ «Ո՛չ Ստամբուլին, ո՛չ այլասերմանը» նախաձեռնությանը` հայ ժողովրդի ազգային, հոգևոր և ավանդական ընտանեկան արժեհամակարգի դեմ ուղղված սպառնալիքների չեզոքացման նպատակով»:

Արթուր Հովհաննիսյան