2020-ին առողջապահության բյուջեն կկազմի 109 մլրդ

2020-ին Հայաստանում առողջապահական ոլորտի համար բյուջեից կտրամադրվի 109 մլրդ 14,6 մլն դրամ՝ 2019-ին տրամադրված 89 մլրդ 590 մլն դրամի փոխարեն: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020-ի պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով՝ հաջորդ տարի առողջապահության ոլորտում քաղաքականությունն ուղղված է լինելու հանրային առողջապահությանը, հիվանդությունների կանխարգելմանը, բժշկական ծառայությունների հասանելիության և որակի բարձրացմանն ու ծնելիության և կյանքի միջին տևողության բարձրացմանը:

Նախարարի խոսքով՝ պետբյուջեից ստացված միջոցները կծախսվեն հետևյալ ծրագրերի համար՝

Առողջապահության բյուջեից 8%-ը (27.1 մլրդ դրամ) կծախսվի բնակչության առողջության առաջնային պահպանման համար: Այդ գումարի մեծ մասը կգնա առողջապահության առաջնային օղակ (պոլիկլինիկաներ, ամբուլատորիաներ), իսկ մնացած մասը կծախսվի լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների անցկացման համար՝ նեղ մասնագիտացված կենտրոններում ախտորոշումը հաստատելու նպատակով: Երկրի ողջ բնակչությանը, ինչպես նշեց նախարարը, հասանելի կլինեն ընտանեկան բժշկի, թերապևտի, մանկաբույժի և մի շարք նեղ մասնագետների անվճար կոնսուլտացիաները, ինչպես նաև պոլիկլինիկաներում լաբորատոր-գործիքային հետազոտությունները: Դրանից բացի, երկու բուժկենտրոններում ծրագրվում է 55-75 տարեկան քաղաքացիների շրջանում կոլոռեկտալ քաղցկեղի հայտնաբերման հարցով պիլոտային սքրինինգային ծրագիր իրականացնել:

Առողջապահության բյուջեից 3%-ը (5.7 մլրդ դրամ, 26.2%-ով ավելի շատ, քան 2019-ին) կծախսվի հանրային առողջապահության ծրագրերի իրականացման համար: Սա ներառում է նաև իմունականխարգելման ազգային ծրագիրը, որի շրջանակում 5-վալենտ պատվաստանյութից ծրագրվում է անցում կատարել դեպի 6-վալենտ:

Առողջապահության բյուջեից 7%-ը (20.4 մլրդ դրամ, 27.4%-ով ավելի շատ, քան նախորդ տարի) կծախսվի մոր և մանկան առողջության պահպանման ծրագրերի համար: Բարձր ռիսկի հղիների համար ծրագրվում է հավելյալ սքրինինգային հետազոտություններ ներդնել, ինչը կօգնի պահպանել հղիությունը: Բացի այդ, շատ զույգեր կկարողանան հասանելիություն ստանալ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների ծրագրերին:

Առողջապահության բյուջեից 25%-ը (27.1 մլրդ դրամ) կծախսվի ծառայությունների ֆինանսավորման համար, որոնք տրամադրվում են բնակչության սոցիալապես անապահով խմբերին, 47%-ով ավելի շատ, քան անցած տարի:

200 մլն դրամ նախատեսվում է ուղղել օրգանների փոխպատվաստման ծրագրերին. 100 մլն՝ լյարդի փոխպատվաստմանը լյարդի քրոնիկական անբավարարություն ունեցող մարդկանց համար և ևս 100 մլն՝ ոսկրածուծի փոխպատվաստմանը՝ արյան չարորակ հիվանդություն ունեցող մարդկանց համար։

Ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ծրագրերին, նախարարի խոսքով՝ նախատեսվում է հատկացնել առողջապահության բյուջեի 12,5 տոկոսը (13,7 մլրդ դրամ, 34,4 տոկոսով ավելի, քան 2019-ին)։

4% (2,7 մլրդ դրամ, 6% տոկոսով ավելի, քան 2019-ին) կհատկացվի վարակիչ հիվանդությունների, այդ թվում աղիքային վարակների բուժմանը։

3 մլրդ դրամ, նախարարի խոսքով, կծախսեն շտապօգնության ծառայությունների ֆինանսավորման համար, ինչը 1 մլրդ-ով ավելի է, քան անցած տարի։

3 մլրդ դրամ նախատեսվում է ուղղել դեղորայքային ապահովման ծրագրերին, որոնք կապահովեն 14 հիվանդությունների ծածկումը 12-ի փոխարեն (ցուցակում կավելացնեն հիպոֆիզար գաճաճությունը և վիրուսային հեպատիտ С-ն)։

Դատաբժշկական, պաթոլոգաանատոմիական ծառայությունների համար կհատկացնեն 503 մլն դրամ՝ 11 տոկոսով ավելի, քան 2019-ին։

Իսկ ահա կոնսուլտացիաների, հետազոտությունների, մասնագիտական աջակցության բյուջեն 715 մլն դրամից կրճատվել է 317,6 մլն-ի՝ ի հաշիվ ֆինանսավորման զգալի կրճատման էլեկտրոնային առողջապահության համակարգի պահպանման հարցում։

Նախարարը նաև ընդգծեց, որ 2020 թվականին նախատեսվում է շարունակել արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող ծրագրերը։