ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն աշխատանքային այցով կժամանի Հայաստան

Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նոյեմբերի 4-5-ին աշխատանքային այց կկատարի Հայաստան։ Այս մասին ասվում է Պետդումայի պաշտոնական կայքում։

Նա կմասնակցի ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի միջոցառումներին:

Այցի շրջանակում Պետդումայի խոսնակը երկկող հանդիպումներ կանցկացնի:

Նոյեմբերի 5-ին Վյաչեսլավ Վոլոդինը կանցկացնի ՀԱՊԿ ԽՎ 12-րդ լիագումար նիստը:

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը կայացել է 2019-ի մայիսի 20-ին Բիշքեկում: Խորհրդարանականները քննարկել են տարածաշրջանի իրավիճակը, հավաքական անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին համատեղ դիմադրելու միջոցները, ինչպես նաև ՀԱՊԿ մասնակից երկրների օրենսդրությունների մերձեցումը:

Նիստի ընթացքում Վյաչեսլավ Վոլոդինը հանդես եկավ առաջարկությամբ՝ ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի հերթական նիստը և ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստն անցկացնել այս տարվա աշնանը Երևանում։ Նա ընդգծեց, որ «մեր նիստի արտագնա ձևաչափը, մի կողմից, բարձրացնում է միջխորհրդարանական փոխգործակցության արդյունավետությունը, մյուս կողմից՝ հնարավորություն է ընձեռում խորհրդարաններին ավելի հանգամանալից պատմել իրենց առաջնահերթությունների մասին»։ «Ճիշտ կլիներ ընդլայնել մեր միջոցառումների աշխարհագրությունը՝ կազմակերպելով դրանք հերթով ԱՊՀ անդամ պետություններում, զարգացնելով արտագնա ձևաչափի գործելակերպը»,- ասաց Պետական դումայի նախագահը։

ՀԱՊԿ ԽՎ տասնմեկերորդ լիագումար նիստը տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 30-ին Մոսկվայում։