Կենդանաբանական այգում շների ոհմակը հոշոտել է 3 մուֆլոնների

Ս.թ նոյեմբերի 1-ին լույս առավոտ, մոտավորապես ժամը 06:00-ի սահմաններում Երևանի կենդանաբանական այգու տարածքում գրանցվել է թափառող շների ներթափանցման երկրորդ դեպքը, հայտնում են Երևանի կենդանաբանական այգուց։

Ոհմակը հարձակվել է Այգում պահվող թվով 3 մուֆլոնների (2 արու, 1 էգ) վրա: Գրանցվել է կենդանիների անկում: Շներին բռնել չի հաջողվել:

Երևանի կենդանաբանական այգու անձնակազմի կարծիքով՝ Այգի մուտք գործած ոհմակը, ամենայն հավանականությամբ, նույն ոհմակն է, որ երեկ՝ հոկտեմբերի 31-ին հարձակվել էր կենգուրուների վրա:

Հիշեցնենք, որ կենգուրուների ազատավանդակից հաջողվել է բռնել նույն ոհմակի 3 ձագերին, որոնք տեղափոխվել են Թափառող շների վնասազերծման ՀՈԱԿ:

Երևանի կենդանաբանական այգին ահազանգում է Երևան քաղաքի տարածքում չստերջացված և վտանգավոր շների ոհմակի առկայության վտանգավորության մասին, որը նաև հանրային անվտանգության ապահովման հիմնախնդիր է, քանի որ ոհմակ կազմած, արդեն կենդանու որս արած շները վտանգավոր են թե՛ կենդանիների, թե՛ մարդկանց համար։

Երևանի կենդանաբանական այգին դիմում է պատկան կառույցներին վերոնշյալ շների ոհմակին հրատապ կարգով գտնելու և վնասազերծելու համար՝ հաշվի առնելով խնդրի հրատապությունն ու հանրային անվտանգության ապահովման կարևորությունը: