ՀՀ 2020թ-ի պետական բյուջեում ավելացել են Նախագահի, ԱԺ-ի և ԲԴԽ-ի ծրագրային ֆինանսավորումները. Ատոմ Ջանջուղազյան

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում տեղի են ունենում «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց գերատեսչությունների ծրագրային ֆինանսավորումները:

«Նախագահի աշխատակազմի համար 2020 թվականի բյուջեով նախատեսված ֆինանսական մեծությունը կազմում է մեկ միլիարդ 576 միլիոն դրամ, որը 430 միլիոն դրամով ավելի է 2019 թվականի ծրագրի համեմատ: ԱԺ աշխատակազմի համար առաջարկվող նախագծում վեց միլիարդ 96 միլիոն դրամ է նախատեսված, որն այս տարվա ծրագրային ցուցանիշի համեմատ 842 միլիոն դրամով ավելի է»,-ասաց նա:

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի համար նախատեսված միջոցները՝ 721 միլիոն դրամը գրեթե նույն մակարդակին է, ինչ նախորդ տարի, նվազել է շուրջ 4 միլիոն դրամով: «Բարձրագույն դատական խորհրդի համար 12,6 միլիարդ դրամ է նախատեսվել, որը 193 միլիոն դրամով գերազանցում է 2019 թվականի ցուցանիշը: Դատախազության բյուջեով 5,4 միլիարդ դրամ է նախատեսված, որը  86 միլիոն դրամով ավելի է 2019 թվական ծրագրային ցուցանիշից, իսկ Հատուկ քննչական ծառայության բյուջեն 735 միլիոն դրամ է, և 4,7 միլիոն դրամ պակաս է այս տարվա ցուցանիշիցե»,-ներկայացրեց նախարարը:

Անդրադառնալով իրավապահ մարմինների աշխատավարձերի աճին՝ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ աշխատավարձի վերաբերյալ քննարկումը պետք է իրականացվի բոլոր ոլորտների համար: Նա նշեց, որ դատաիրավական բարեփոխումների ռազմավարություն է քննարկվում և դրա մեջ նաև դիտարկվում են բոլոր գործոնները, որոնք հանգեցնելու են արդյունավետության բարձրացմանը և այդ համատեքստում աշխատավարձերի բարձրացմանը ևս: «Աշխատանքի վարձատրության չափերը ներկայացված են բյուջեի նախագծում եղած կարգավորումներին համահունչ հաշվարկների հիման վրա են»,- ասաց նա: