Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում նախօրեին Հայոց ցեղասպանության և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձևերի ընդունման հետ կապված՝ Թուրքիայի արտգործնախարարություն է կանչվել Անկարայում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության մասին բանաձևը «քաղաքական դրդապատճառներով ընդունված որոշում է» և «չունի պատմական և իրավական հիմք»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։