Իշխանությունը տապալել էր իր պլան Ա-ն, տապալման է դատապարտված նաև պլան Բ-ն, ի՞նչ անել, և այստեղ է, որ իշխանությունը ձեռքը գցում է փրփուրներին

Ա՛զգ, աչքերդ լա՛յն բացիր, ժողովուրդ սթափվի՛ր

Հոկտեմբերի 27-ի ահաբեկիչների խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի դիմումը` իրեն պայմանական վաղաժամկետ ազատելու խնդրանքով, «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում Հունանյանի հետ շուրջ 2 ժամ տևած առանձնազրույցից հետո ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կատարած ֆեյսբուքյան գրառումները, որոնցից մեկում նա ոճրագործին ներկայացրեց ավելի քան ադեկվատ, շատերիցս ադեկվատ («Նաիրին ավելի քան ադեկվատ է: Շատերիցդ ադեկվատ»), մեկ ուրիշում, ըստ էության, փորձեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին կապել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ, մեղադրել նրան այդ հարցում, ապա դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով, մեր երկրի հասարակական-քաղաքական դաշտում չէին կարող չունենալ խիստ բացասական արձագանքներ:

Այս հրապարակմամբ փորձենք ի մի բերել ու ներկայացնել վերոնշյալի առնչությամբ առավել ուշագրավ արձագանքներից ընդամենը մի քանիսը: ՀՀ նախկին վարչապետ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է

«Հոկտեմբերի 27-ին նախընթաց ամենից շատ քննարկվող հարցերից մեկը ոճրագործ Հունանյանի դիմումն է իր նկատմամբ պատիժը փոխելու (թե ազատ արձակելու) վերաբերյալ: Կարծես թե հայտնի է նաև այդ միտքը հղացողը: Համոզված եմ նման ճղճիմ գաղափարը, ինչպես նաև տեսակցությամբ հանցագործին՝ ոճրագործության հետ կապված որոշ «նոր փաստերի» դիմաց ազատության մեջ հայտնվելու հույս ներշնչելու միտքը, կարող էր ծագել միայն հիվանդ գլխում:

Այն, որ հանցագործին, ցանկացած հիմնավորմամբ, ազատ արձակելը կլինի ոչ միայն ապտակ մեր ազգային արժանապատվությանը, այլև անպատվաբեր հայի տեսակին՝ երկրորդ կարծիք չի կարող լինել: Նման քայլի անթույլատրելի և հանրորեն դատապարտելի լինելու մասին շատ դիպուկ արտահայտվել է նաև Կարեն Դեմիրճյանի այրին՝ տիկին Ռիմա Դեմիրճյանը:

Շատ կարևոր է փաստել և այդ առումով կարծում եմ պետք է համաձայնվել մամուլում հնչած այն մտքի հետ, որ ով փորձ անի ազատել կամ միջնորդել ազատելու ոճրագործին, ինչպիսի հիմնավորմամբ էլ դա արվի, նա էլ հանդիսանում է ոճրագործության կամ պատվիրատուն կամ պատվիրատուի ներկայացուցիչը: Հենց այս հանգամանքն էլ կարող է լույս սփռել «դարի հանցագործության» վրա»։

«Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը ոճրագործություն և ահաբեկչություն էր մեր պետականության և հայ ազգի դեմ,- հասարակական գործչի իր ֆեյսբուքյան էջում գրել է ռազմական, քաղաքական ու հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը:- Եվ այսօր առավել քան անբարոյական է հասարակական քննարկման դաշտ բերելը ահաբեկիչների վաղաժամ ազատ արձակման հարցը: Փաստացի՝ մեր երկիրն այսօր ունի իշխանություն, որը դաշտ է նետում պետականության և ազգի դեմ դուրս եկած ահաբեկիչներին ներել-չներելու դիսկուրսը: Սրանով ամեն բան արդեն ասված է իշխանությունը բռնի զավթածների մասին: Աստված պահապան մեր հայրենիքին և ազգին:

Հ.Գ.

  • 1996թ.-ին ԼՏՊ-ն տանկեր հանելով հայ ազգի դեմ ևս երկու տարով երկարաձգեց իր իշխանությունը
  • 1998-ին այնուամենայնիվ ստիպված եղավ նահանջել, հրաժարական տվեց
  • Մեկ տարի անց՝ 1999թ. հոկտոմբերի 27-ին, ահաբեկիչների մի խումբ դաժանաբար սպանեց երկրի պատասխանատու դեմքերին
  • 2008թ. մարտի 1, Լևոնն ու Նիկոլը դարձյալ ժողովրդին տարան բախումների, արյուն հեղվեց, մարդիկ սպանվեցին
  • 2016թ. հուլիսի 17, ահաբեկիչները գրավեցին ՊՊԾ գունդը, դարձյալ հայ մարդու արյուն հեղվեց: Այսօր երեք դեպքերում էլ կազմակերպիչներն ազատության մեջ են, ավելին՝ իշխանության հենարանն են ու խորհրդատուները, բացառությամբ հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների: Այսօր Նիկոլի ռեժիմը փորձեր է կատարում «բացթողումը» ուղղելու, հետևությունները թողնում եմ տրմաբանություն և ողջախոհություն ունեցողներին: Սա է այսօրվա քայլած «հերոսների» նոր Հայաստանը:

Ա՛զգ, աչքերդ լա՛յն բացիր, ժողովուրդ սթափվի՛ր»:

«Այս օրերին քիչ չեն քննարկումները, թե ինչո՞ւ հենց Արման Բաբաջանյանին և ոչ թե «Իմ քայլի» որևէ պատգամավորի գործուղեցին Նաիրի Հունանյանի մոտ,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել լրագրող Էդիկ Անդրեասյանը:- Ասեմ: Նախ՝ իմքայլականները հիմնականում դեբիլ են, իսկ ով էլ դեբիլ չէ՝ ցռան է մի ուրիշ կարգի: Բայց դա քննարկվող հարցի ամբողջական պատասխանը չէ: Եվ ուրեմն՝ ինչո՞ւ հենց Արման Բաբաջանյանին:

Արման Բաբաջանյանն իր լրատվամիջոցներում (1in,am և «Ժամանակ» թերթ) ԼՏՊ-ի և նրա գեղի կլուբի ցուցումով ու ֆինանսավորմամբ տարիներ շարունակ խեղաթյուրել է մարտի 1-ի և հոկտեմբերի 27-ի հետ կապված բոլոր պատմությունները և իրականությունը ներկայացրել այնպես, ինչպես այն ձեռնտու էր ԼՏՊ-ին և նրա մերձավոր շրջապատին, այսինքն մարտի 1-ի և հոկտեմբերի 27-ի բուն մեղավորներին ու շահառուներին: Այս կաստայի համար Արման Բաբաջանյանն ուղղակի հայտնագործություն էր: Անհայրենիք այս սրիկան, որ, գտնվելով ԱՄՆ-ում, փաստաթղթեր էր կեղծել զինվորական ծառայությունից խուսափելու համար, գործ տվել հարազատ մոր դեմ, թե նա է կեղծել փաստաթղթերը, ի վերջո Հայաստանում ազատազրկվել է 2006թ, հուլիսի 26-ին՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին: Հենց այս հանգամանքն էլ, ըստերևույթին, պատճառ է դարձել, որ բանտից դուրս գալուց հետո անուղղելի այս ստահակն իր լրատվամիջոցներով հակաքարոզչություն ծավալի ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի: Այսօր էլ 1in.am կայքում ամեն Աստծո օր մի նոր հերյուրանք է հրապարակվում 1999թ. հոկտեմբերի 27-ի սպանդի մասին, որոնցով «Սարգիս Արծրունի» կեղծանունով գրչակը ջանք ու եռանդ չի խնայում սլաքներն այդ նախճիրի կազմակերպիչներից հեռացնելու և այլ կողմ ուղղելու համար:

Արման Բաբաջանյանը բոլոր առումներով պատրաստ էր ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդման պատճառով սկսված խայտառակությունը քողարկելու, նրա գործում նոր հանցակազմեր ի հայտ բերելու և կալանքն արհեստականորեն երկարաձգելու կեղտոտ խաղի մեջ ներգրավմանը: Այդ նպատակով նախ՝ կազմակերպվեց Հրայր Թովմասյանի նկատմամբ իշխանությունը յուրացնելու մեղադրանքով Արման Բաբաջանյանի հաղորդումը, որի շրջանակներում էլ ձերբակալվեց, իսկ հետո նաև կալանավորվեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: Այս գործը, սակայն, այնքան չոբանավարի էր սարքված, որ մասնագետների կողմից մի քանի ժամվա ընթացքում ջարդուփշուր արվեց և պարզվեց, որ Հրայր Թովմասյանին այս ճանապարհով հեռացնելն ու ՍԴ-ն գրավելը միանգամայն անհեռանկար զբաղմունք է:

Իշխանությունը տապալել էր իր պլան Ա-ն, տապալման է դատապարտված նաև պլան Բ-ն: Ինչ անել: Եվ այստեղ է, որ իշխանությունը ձեռքը գցում է փրփուրներին՝ փորձելով օգտագործել հոկտեմբերի 27-ի 20-րդ տարելիցը: Նաիրի Հունանյանը հանկարծ դիմում է գրում վաղաժամկետ ազատման խնդրանքով, իսկ հազիվ մեկ օր անց նրա հետ հանդիպում է Արման Բաբաջանյանը, որն այնուհետև, առանց հանդիպման մանրամասները ներկայացնելու, իր ֆեյսբուքյան էջում հերյուրանքներ է հրապարակում, թե իբր հարցականներ են առաջացել և բոլոր հակահեղափոխական ռևանշիստները պետք է պատասխան տան հոկտեմբերի 27-ի համար: Արման Բաբաջանյանը բացահայտ ստում է, եթե չասենք, որ Նաիրի Հունանյանը նրան բոլորովին այլ բան է ասել ու հիմա ստիպված են ամեն ինչ անել՝ իսկությունը թաքցնելու համար: Կասկածից վեր է, որ այդ հանդիպումը ձայնագրվել, գուցե նաև տեսագրվել է: Մարդիկ պարտավոր չեն հավատալ Արման Բաբաջանյանի բարբաջանքներին: Ցուցադրեք, ուրեմն, որ բոլորը հասկանան, թե ինչ են խոսել և ինչ է ասել Նաիրի Հունանյանն իրականում:

Ըստ էության Արման Բաբաջանյանը շատ մեծ պատասխանատվություն է վերցրել իր վրա, և, եթե վաղը պարզվի, որ հերթական անգամ շահարկվել է հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը և փորձ է արվել հերթական անգամ մանիպուլյացիայի ենթարկել մեր պետության դեմ իրականացված այդ ահաբեկչությունը, Արման Բաբաջանյանին ոչ ոք չի ներելու, ներում չի լինելու նաև Արման Բաբաջանյանի նման լաքեյին գործողության մեջ դնողների համար»:

Եվս մեկ մեջբերում` դարձյալ Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումից.

«Չի կարելի պահանջել կեղտից, որ նա կեղտ չլինի: Ա. Չեխով

Եվ այսպես հերթը հասավ Վազգեն Մանուկյանին:

Լրահոսը հեղեղված է անորոշ ծագում և քաղաքական կողմնորոշում, բայց հստակ հանցագործ անցյալ ունեցող մեկի՝ Վազգեն Մանուկյանի հասցեին արված բարբաջանքով:

Անշուշտ Վազգեն Մանուկյանին վարկաբեկելու իրական դրդապատճառները կարելի կռահել: Ով կարող է լինել այդ վարկաբեկման իրական պատվիրատուն՝ դժվար չէ հաշվարկել:

Ակնհայտ է, որ հիվանդ երևակայությամբ Վազգեն Մանուկյանի հասցեին հնչեցրածը չի կարող որևէ կերպ «ցեխոտել» նրա հանրային կերպարը:

Մտահոգիչն այլ է՝ այդ անբարո արարքի ոճը (ձեռագիրը) և ընտրված «գործիքի» բարոյական դիմանկարը:

Այն ինչին վերջերս մենք ականատես ենք լինում, պատկերավոր ասած, հիշեցնում է շատ կենցաղային մի իրավիճակ՝ երբ լճացած ջրափոսում ջուրը պղտորում ես՝ ջրի երես դուրս է գալիս ԿԵՂՏԸ:

Իսկ ինչպես ասել է հանճարեղ Չեխովը, կեղտից չի կարելի պահանջել, որ նա կեղտ չլինի:

Ուղղակի ժամանակն է գիտակցել, որ հարկավոր է զերծ մնալ ջուրը պղտորելու գայթակղությունից»:

Ի դեպ, քրեակատարողական հիմնարկի վարչակազմը երեկ` 2019թ. հոկտեմբերի 28-ին, ընդունել է Նաիրի Հունանյանի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան չներկայացնելու մասին որոշում, որը, սակայն, կարող է բողոքարկվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան որոշումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

Ա. Հովհաննիսյան