Բաց նամակ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսիին LIVEnews.am կայքի լրագրող Թագուհի Ասլանյանից

Հայաստանում Միացյալ Նահանգների հարգարժան դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսի, ես այս պահին աշխատում եմ LIVEnews.am լրատվական կայքում՝ որպես լրագրող։ Ցավով պետք է տեղեկացնեմ ձեզ, որ չնայած նաև ձեր երկրի՝ ԱՄՆ-ի կողմից Հայաստանում խոսքի ազատության, ժողովրդավարության ամրապնդման համար ձեռնարկվող միջոցներին, քայլերին ու նախաձեռնություններին, այդ ուղղությամբ վատնված ներուժին, ժողովրդավարության ճանապարհը բռնած Հայաստանում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող և աջակցություն ստացող ինստիտուտի ղեկավարի կողմից կոպտորեն խախտվում են այդ իրավունքներն ու ոտնահարվում է խոսքի ազատությունը, խոչընդոտվում լրագրողների ազատ աշխատանքի իրավունքը։

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի ղեկավարած Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գրասենյակում նախաձեռնվել էր «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» խորագրով քննարկում, որին պարոն Սաֆարյանի քմահաճույքով արգելված էր մասնակցել մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների։ Խոսքը news.am, hayeli.am, 168.am, Yerevan.today, 7or.am, 5-րդ ալիք, այդ թվում մեր՝ LIVEnews.am լրատվամիջոցների մասին է։ Պարոն Սաֆարյանը միջոցառման ազդագիրը տարածել էր՝ սպառնալիքով, որ եթե այդ լրատվամիջոցներից լրագրողներ, օպերատորներ ցանկություն հայտնեն լուսաբանել միջոցառումը, ապա իր խոսքերով՝ «սույն լրատվամիջոցներին ներկայացնող լրագրողները, տեսախցիկները դուրս են հանվելու դահլիճից», ինչը մեր գնահատմամբ անընդունելի, դատապարտելի խտրական վերաբերմունք է նշված լրատվամիջոցների նկատմամբ։ Պարոն Ստյոպա Սաֆարյանի քայլը դեմ է բազմակարծության, խոսքի ազատության ապահովմանը և հանրության՝ բազմակողմանի, անկողմնակալ տեղեկատվություն ստանալու իրավունքին, ինչպես նաև ակնհայտ խոչընդոտ է լրագրողների մասնագիտական աշխատանքին, քանի որ միջոցառումը փակ չէր, և որոշ՝ պարոն Սաֆարյանի բնորոշմամբ՝ իրենց գործընկեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ առանց որևէ խոչընդոտի հնարավորություն ունեին ներկա գտնվելու քննարկմանը և լուսաբանելու այն։ Առավել ևս, որ ՄԱՀՀԻ-ն ԱՄՆ-ից ֆինանսական հատկացումներ է ստանում նաև Հայաստանում ժողովրդավարության, ազատ հասարակության  կայացման համար, մինչդեռ նման գործելաոճով արգելք է դառնում այդ գործընթացի արագ և արդյունավետ կայացմանը։

Մենք համակարծիք ենք, որ Հայաստանում պետք է բազմակարծություն ապահովվի, և մենք ինքներս բաց ենք ցանկացած քննարկման, կածիքի, տեսակետի համար, բայց փաստորեն այսօր որոշ կառույցների կողմից ԶԼՄ-ները, լրագրողները տարանջատվում են յուրայինների և թշնամիների, մի բան, ինչում մեղադրվում էին նախկին իշխանությունները: Եվ արդյոք հեղափոխություն կոչվածը նաև դրա համար չարվեց, որպեսզի այսուհետ կանխվի ազատ խոսքի, ազատ տեսակետների արտահայտման արգելքի, սպառնալիքի ցանկացած դրսևորում։

Ի դեպ, նշեմ, որ իրեն դեմոկրատիայի և ազատ խոսքի ջատագով ներկայացնող Ստյոպա Սաֆարյանի կողմից սա խոսքի ազատության, բազմակարծության դեմ առաջին ոտնձգությունը չէ։ Ավելի վաղ նա հրապարակավ հայտարարել էր, որ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետներին, այդ կառույցի բարեկամներին արգելվում է որևէ թեմայով հարցազրույցների, քննարկումների մասնակցել վերոնշյալ լրատվամիջոցներում, ընդունել նրանց հրավերները և ընդհանրապես հյուրընկալվել տվյալ լրատվամիջոցներում։ Նրա այս քայլն առաջին անգամ համապատասխան գնահատական չստանալու  պատճառով, կարծում եմ, հաջորդեց այսօրվա հանդգնությունը։ Ավելին, երբ LIVEnews.am և 5-րդ ալիք լրատվամիջոցներն, այնուամենայնիվ, ցանկություն հայտնեցին լուսաբանելու Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված միջոցառումը, մեր՝ լրագրողներիս և մեր կայքի օպերատոր Հակոբ Գումրոյանի մուտքը խոչընդոտեցին և փորձեցին դուրս հրավիրել գրասենյակի տարածքից՝ անվանարկելով լրատվամիջոցները և անձնական վիրավորանքներ հասցնելով այդ լրատվամիջոցների երկու կին լրագրողներին, որոնցից մեկն էլ ես եմ։ Այդ ամենը ձայնագրվել է, հրապարակվել LIVEnews.am-ում, տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղումով՝։

Ի դեպ, գրեթե մեկ ու կես տարի է` մենք ականատես ենք լինում,  թե ինչպես են կառավարության անդամները լրագրողներին բաժանում սևերի ու սպիտակների, յուրայինների և թշնամիների։ Թշնամիները նրանք են, որոնք փորձում են լրատվական դաշտում բազմակարծություն ապահովել, և թույլ չտալ, որ  կառավարությունը, իշխանություններն ինքնիշխան, միահեծան քաղաքականություն վարեն երկրում։ Մինչ այս էլ լրատվամիջոցների ցանկ էին կազմել, և պաշտոնյաները, իշխանական պատգամավորներն իրենց հետևորդներին հրահանգում էին, թե որ լրատվամիջոցներին պետք է հետևեն, որոնց արհամարհեն։ Վստահ եմ, որ նման հրահանգ կա նաև այդ լրատվամիջոցների հրավերները մերժելու, նրանց հարցազրույցներ չտալու մասին։ Կամ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը լայվ էր մտել ու հայտարարում էր, որ լրատվամիջոցների 90 տոկոսը նախկին իշխանությունների հովանավորության ներքո են՝ այդպիսով անվստահություն ստեղծելով այդ լրատվամիջոցների հանդեպ։ Ցավոք, նման շահարկումների առարկա են դառնում նաև նման թեմաները, որոնք հետաքրքրում են հասարակության լայն զանգվածներին։

Հարգարժան տիկին դեսպան Ն.Գ. Լին Թրեյսի, ակնկալում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գնահատականը տեղի ունեցածին և մասնավորապես Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանին, նրա պահվածքին ու վարքին, առավել ևս, որ վերջերս դեսպանության դիվանագետների ուղեկցությամբ հյուրընկալվել եք Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում՝ փորձագիտական հանրության հետ քննարկելու Հայաստանում և տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության առաջնահերթությունների ու երկկողմ կարևորության այլ հարցեր։ Հայաստանում ԱՄՆ դեսպանների հետ, դատելով հրապարակումներից, այս կառույցում հաճախակի են հանդիպումներ լինում։ Մասնավորապես այս տարվա փետրվարի 14-ին ինստիտուտի փորձագետների հետ հանդիպում է եղել Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ն.Մ. պարոն Ռիչարդ Միլսի հետ, որի ժամանակ խոսել են 2017թ. դեկտեմբերի 18-ին ընդունված ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարության, մեր տարածաշրջանում ու դրանից դուրս դրա պրոյեկտման, ինչպես նաև՝ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ: Եվ քանի որ կառույցի հետ Հայաստանում ԱՄՆ դեսպանության դիվանագետները սերտ հարաբերություններ ունեն, հարկ եմ համարում տեղեկացնել ձեզ, թե աշխատելու ինչ սկզբունք է որդեգրել այդ ինստիտուտի ղեկավարը և ինչ ռեպրեսիվ մեթոդներ է կիրառում Հայաստանում ժողովրդավարության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման խոչընդոտման գործում։

LIVEnews.am կայքի լրագրող Թագուհի Ասլանյան