«Հայաստանում ռուսական ռազմաբազայի հզորությունը գրեթե կկրկնապատկվի». ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար

Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մարտական ներուժը գրեթե կկրկնապատկվի՝ նոր ու արդիականացված սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով համալրելուց հետո: Ինչպես գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը, նման տվյալներ է ներկայացրել ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը՝ Գյումրու ռուսական ռազմաբազա այցելած ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին:

Իր հերթին, Հարավային ռազմական շրջանի շտաբի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուզովլևը նախարարին տեղեկացրել է, որ «բազան ամբողջական ծավալով ապահովված է նյութական միջոցներով, տեխնիկայով և սպառազինություններով»:

Այսօր ավելի վաղ ՌԴ պաշտպանության փոխնախարար Տիմուր Իվանովը Շոյգուին ասել էր, որ 2020 թվականին Հայաստանում ռուսական ռազմաբազայի տարածքում կստեղծվի բազմաֆունկցիոնալ մշակութային-ժամանցային կենտրոն:

Ռուսական 102-րդ ռազմաբազան ունի 2 կայազոր՝ Գյումրիում և Երևանում: Այն տեղակայվել է 1995 թվականին: