Փորձ է արվել մեծ քանակությամբ արգելված իրեր և թմրամիջոցներ փոխանցել քրեակատարողական հիմնարկ

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հոկտեմբերի 26-ին՝ ժամը 04։40-ի սահմաններում, նկատել են, որ դիտաշտարակների միջնամասում տեղի է ունեցել լուսարձակող առարկայի ներնետում դեպի հիմնարկի տարածք։

Հերթապահ խմբի ծառայողների կողմից վերոնշյալ տարածքն անմիջապես ենթարկվել է զննության, և արգելագոտուց մոտ 3 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է փաթեթ, որին ամրացված է եղել 3 լուսարձակող կրակայրիչ՝ նետվող իրը հասցեատիրոջ կողմից հեշտությամբ հայտնաբերելու նպատակով։ Փաթեթում առանձնացված առկա են եղել թմրամիջոց հանդիսացող, սուբոտեքս հիշեցնող, «B8» մակնշմամբ, 0,4 գրամ քաշով 1 դեղահաբ, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 57,7 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, իսկ մաստակի տուփի մեջ՝ թմրադեղ հիշեցնող սպիտակ, փոշենման զանգվածով լի 0,5 գրամ քաշով դեղին և նարնջագույն 1 պատիճ և 8 մաստակ։

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հանձնուքների ընդունման սենյակում ցմահ ազատազրկման դատապարտված Լ․ Ս․-ի անվամբ կնոջ կողմից բերված հանձնուքի զննությամբ 746 գրամ քաշով թեյի տուփի միջից հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող կասկածելի զանգված։

Նույն օր՝ ժամը 16։30-ի սահմաններում, չնախատեսված խուզարկության արդյունքում հիմնարկի խցերից մեկում՝ պահարանի վերևի դարակից, աշխատակիցները հայտնաբերել են «Կարբամազեպին» գրառմամբ 87 դեղահաբ, «Սպազմալգոն» գրառմամբ 9, «Դիմետրոլ» գրառմամբ 7, «Կետոնալ» գրառմամբ 4, «Դիկլոֆոնակ» գրառմամբ 1 և «Անալգին» գրառմամբ 6 սրվակներ, ինչպես նաև 9 դեղահաբ։

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։