ՌԴ ՊՆ-ը մեղադրել է ԱՄՆ-ին սիրիական նավթի մաքսանենգության համար․ «ՌԻԱ Նովոստի»

ՌԴ պաշտպանության նախարարությունը տիեզերական հետախուզության արդյունքում հրապարակել է լուսանկարներ, որոնք վկայում են ԱՄՆ-ի կողմից սիրիական նավթի մաքսանենգության դեպքերի մասին: Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»:

Նախարարության հաղորդմամբ, լուսանկարները վկայում են, որ «ԻՊ-ի ահաբեկիչներին չեզոքացնելուց և՛ առաջ, և՛ հետո սիրիական նավթը գտնվել է ամերիկյան զինծառայողների հուսալի հսկողության տակ, ակտիվորեն արդյունահանվել և ուղարկվել է Սիրիայի սահմաններից դուրս վերամշակման»:

Այսպիսով՝ Դամանի նավթահավաքման կետի լուսանկարում, որն արվել է օգոստոսի 23-ին, նկատվում է մեքենաների կուտակում: «Նկատվում է 90 միավոր մեքենայի կուտակում, այդ թվում՝ 23 նավթատար մեքենա»,- գրված է նկարի մեկնաբանությունում:

Բացի դրանից, սեպտեմբերի 5-ին արված լուսանկարում Հասաքե նահանգում նկատվում է 25 մեքենա, որոնցից 22-ը՝ նավթատար: Երեք օր անց՝ սեպտեմբերի 8-ին, Դեր Զորի շրջակայքում նկատվում է 36 մեքենա, որոնցից 32-ը՝ նավթատար: Նույն օրը Մեյադինի շրջանում նկատվել է 41 ավտոմեքենա, որոնցից 34-ը՝ նավթատար:

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ ամերիկացիները Սիրիայից նավթ են արդյունահանում այնպիսի սարքավորումների օգնությամբ, որոնք մատակարարվել են իրենց իսկ պատժամիջոցները շրջանցելով:

«Ամերիկացի զինծառայողների հսկողությամբ Արևելյան Սիրիայի նավթային դաշտերից նավթը մաքսանենգ ճանապարհով տեղափոխվում է այլ պետությունների տարածք: Այդպիսի քարավանների վրա հարձակման դեպքում գործում են ամերիկյան հատուկ ջոկատներն ու ավիացիան»,- նշել է Կոնաշենկովը:

Գեներալ-մայոր Կոնաշենկովի խոսքով՝ նավթի արդյունահանմամբ զբաղվում է ԱՄՆ-ին ենթարկվող «Սեդկաբ» ընկերությունը, իսկ եկամուտները փոխանցվում են ամերիկյան հատուկ ծառայությունների հաշիվներին: