«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատմական քվեարկություն է կատարելու՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը». Ֆրանկ Փալոն

Գալիք շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քննարկման և քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:  Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը:

«Հաջորդ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատմական քվեարկություն է կատարելու՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ամերիկան պետք է դեմ արտահայտվի մարդկության դեմ ուղղված հանցագործություններին, հատկապես, որ Թուրքիան սպառնում է Հյուսիսային Սիրիայում նոր էթնիկ բնաջնջման արշավով»,-նշել է նա:

Ամերիկայի հայկական համագումարը տեղեկացրել է, որ բանաձևի աջակիցների թիվն ավելանում է: «Ամերիկայի հայկական համագումարը բարձր է գնահատում ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները ջանքերը և ողջունում է H.Res.296 բանաձևը Ներկայացուցիչների պալատ բերելու որոշումը: Այս երկկուսակցական բանաձևը հաստատում է Հայոց ցեղասպանությունը և Ամերիկայի աննախադեպ մարդասիրական աջակցությունը՝ ուղղված  20-րդ դարի առաջին ցեղասպանությունից փրկվածներին»,- ասել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Ավելի վաղ՝ կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Գուս Բիլիրակիսը Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև ներկայացնելու նախաձեռնությամբ էին հանդես եկել: Նախագիծը միտված է Հայոց ցեղասպանության հերքումը մերժելուն, ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու հիշատակմանը, Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացման կարևորությանը  նմանատիպ հանցագործությունները հետագայում կանխելու առումով:

«Մենք ուրախ ենք տեղեկացնել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը կուղարկվի քվեարկության: Ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել 1915-1923 թվականներին և, որի հետևանքով սպանվել է 1.5 միլիոն հայ, ինչպես նաև այլ էթնիկ խմբերի ու ազգերի ներկայացուցիչներ, ռեալ ժամանակում արձանագրվել է ամերիկացի դիվանագետների կողմից»,- հայտարարել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները:

Ամերիկյան լրատվամիջոցները, անդրադարձ կատարելով այս թեմային, հավանական են համարում, որ հաջորդ շաբաթ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները կվավերացնեն բանաձևը: