Ռուսաստանը բարձր ճշգրտության ու մեծ հեռահարության թևավոր հրթիռներ է տեղակայելու ԱՄՆ-ի սահմաններից ոչ հեռու

Ամերիկյան «Free Beacon» լրատվական կայքի տեղեկացմամբ, Ռուսաստանը բարձր ճշգրտության ու մեծ հեռահարության թևավոր հրթիռներ է տեղակայելու Ատլանտյան օվկիանոսի արևմուտքում, ԱՄՆ-ի ափերից ոչ հեռու նավարկող իր ռազմանավերի ու սուզանավերի վրա: Ամերիկյան պաշտոնյաներն արդեն տագնապում են, որ Ռուսաստանը դրանով կարող է հրթիռային հարձակումների թիրախ դարձնել Վաշինգտոնը և ԱՄՆ-ի արևելյան ափի մյուս քաղաքները:

Ըստ հիշյալ կայքի, ԱՄՆ-ի ափերի մոտ պարեկող Ռուսաստանի ռազմանավերն ու սուզանավերն առաջիկա ամիսների ընթացքում կզինվեն «Կալիբր» թևավոր հրթիռներով։ Նշված հրթիռների, որոնք կարող են նաև միջուկային մարտագլխիկ կրել, հեռահարությունը հասնում է 2600 կիլոմետրի, ունակ են բարձր ճշտությամբ խոցելու թիրախը, շնորհիվ նաև օվկիանոսի կամ ցամաքի մակերեսին մոտ թռչելու, հակահրթիռային պաշտպանական համակարգերի կողմից գրեթե չեն հայտնաբերվում:

Դատելով ամենից, Ռուսաստանը պատրաստվում է այս կերպ հակազդել առաջիկա ամիսներին Եվրոպայում իր սահմանների մոտ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի փոքր ու միջին հեռահարության հրթիռների տեղաբաշխմանը, որը միանգամայն սպասելի է փոքր ու միջին հեռահարության հրթիռների վերաբերյալ ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի միջև կնքված պայմանագրից Միացյալ Նահանգների դուրս գալու պարագայում։ Կասկածից գրեթե դուրս է նաև այն, որ ԱՄՆ-ն առաջիկա 1-2 ամսում կհայտարարի հիշյալ պայմանագրից պաշտոնապես, դե յուրե դուրս գալու մասին, և վերոնշյալ հրթիռների արտադրության ու տեղաբաշխման առումով գործնականում ավելի լայնամասշտաբ գործողություններ կսկսի, քան արել է մինչ այդ նույն պայմանագրի խախտմամբ։