Doing Business-ի հրապարակած ցուցանիշներով Հայաստանը զիջել է դիրքերը, ի՞նչն է պատճառը․ վարչապետը հետաքրքրվեց

Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հրապարակվել է Համաշխարհային բանկի գործարարության Doing Business-ի ցուցանիշները: «Խնդրահարույց գնահատական ունենք, Հայաստանը զիջել է դիրքերը, ի՞նչն է պատճառը»,- դիմելով էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին՝ հարցրեց վարչապետը:

Նախարարը բացատրեց, որ այս զեկույցը յուրաքանչյուր երկրի տնտեսության պամաններում 10 ցուցիչներ է կիրառում, անդրադառնում են կազմակերպության գրանցումից մինչև սնանկացման վայրույթներին, երկու եղանակով են գնահատվում:

«Ըստ զեկույցի՝ Հայաստանը 74,5 միավոր ունի, որը 1,3 միավորով առաջընթաց ենք գրանցել նախորդ տարվա համեմատ, և դա մեր կողմից իրականացված բարեփոխումների հետևանք է»,- ասաց նախարարը՝ նշելով, որ հարկերի վճարման ուղղությամբ առաջընթաց ենք արձանագրել, ինչպես նաև առաջընթաց ենք գրանցել քաղաքաշինական թույլտվությունների առնչությամբ, արտաքին առևտրի ցուցիչների ուղղությամբ:

«Կա նաև երկրորդ դասակարգումը, թե երկրներն ինչպես են դասավորված։ Անցած տարի մենք  41-րդ տեղն էինք, իսկ այս տարի 47-րդ հորիզոնականում ենք, ինչը նշանակում է, որ թեև ինքներս մեր նկատմամբ բարելավումն ենք ունեցել, բայց դիրքային առումով 47-ն ենք:  Դա պայմանավորված է այն փաստով, որ Համաշխարհային բանկը գնահատման մեթոդաբանությունը փոխեց»,- ասաց Տիգրան Խաչատրյանը՝ պարզաբանելով, որ փոփոխությունը փոքր բաժնետերերի շահերի գնահատմանն է վերաբերում:

էկոնոմիկայի նախարարը նշեց, որ եթե ներկայիս գնահատման մեթոդիկան տեղափոխեինք նախորդ տարի, ապա կրկին կլինեինք 47-ը՝ ինչպես նախորդ տարի։

Վարչապետն արձանագրեց, որ սկզբունքորեն դա վատ նորություն չէ: «Ուզում եմ ասել, որ որոշակի աննախադեպ իրադարձություններ են եղել Հայաստանում և մի քանի ընկերություններ որոշակի բաց արժեթղթեր են թողարկել, որը նախաքայլ է, ըստ էության, արժեթղթերի բորսայում հայտնվելու: Եթե դա է պատճառը, ապա մենք գտնվում ենք նախապատրաստական շրջանում, և սա նաև ազդակ է մեզ համար, որ ավելի ինտեսիվ աշխատենք այս ուղղությամբ»,-ասաց նա:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն իր հերթին ասաց, որ հրապարակված զեկույցում տեխնիկական խնդիր կա, որը, եթե ուղղվի, մենք 37-րդ տեղը կզբաղեցնենք:

Դա առաջացրեց վարչապետի ծիծաղը․ նա նշեց, որ անհամբեր կսպսենք այդ սխալը ուղղելուն: