Սիրիայի քրդերի դեմ պատերազմը խորացրել է էթնիկ պառակտումը Թուրքիայի ներսում

Թուրքիայի մասնակցությունը սիրիական քրդերի դեմ պատերազմին, այնուամենայնիվ, կարող է դանդաղ գործողության ռումբ դառնալ: Ընդ որում, այդ ռումբը վաղ, թե ուշ պայթեցնելու է հենց Թուրքիան: Հոկտեմբերի 18-ին mk-turkey կայքը հայտնել է, որ թուրքական քրդերի շրջանում աճում են դժգոհության տրամադրությունները: Թուրք փորձագետ, քրդական փոքրամասնության ներկայացուցիչ, Թուրքիայի խոշորագույն Ստամբուլ քաղաքում բնակվող Ֆաթմա Յավուզը, կայքին ասել է, որ Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողությունը կարող է խորացնել էթնիկական պառակտումը Թուրքիայում, քանի որ քրդերը դեմ են գործողությանը, իսկ թուրքերի ճնշող մեծամասնությունը աջակցում են դրան: Արդյունքում, Թուրքիայի կառավարության աջակցությունը սիրիական քաղաքացիական պատերազմում իսլամական գրոհայինների խմբավորումներին խորացրել է տարաձայնությունները Թուրքիայի ներսում: Յավուզը հայտարարել է, որ թուրքական զորքերը պետք է դուրս բերվեն Սիրիայից՝ հավելելով, որ քրդերը խաղաղություն են ցանկանում, այլ ոչ թե պատերազմ: «Ի՞նչ է ուզում կառավարությունը քրդերից: Քրդերը նրանց ոչ մի վատ բան չեն արել»,- նշել է նա:

Դե, մենք այնքան էլ միամիտ չենք, որքան Ֆաթմա Յավուզը. քրդերի դեմ էլ շատ «կեղտոտ» գործեր կան: Բավական է հիշել, թե ինչպես էին եզդիները մեղադրում և Իրաքի, և Սիրիայի քրդերին, որ նրանք հաճախ եզդիների հետ վարվում էին նույնիսկ ավելի վատ, քան իսլամիստ ահաբեկիչները, և որ քրդերը եզդիներին ցեղասպանության էին ենթարկում: 1915-23 թվականների Հայոց ցեղասպանությանը որոշ քրդական ցեղերի (օրինակ՝ աշիրեցիների) մասնակցությունը լավ հայտնի է բոլորին, ովքեր ուսումնասիրել են այս հարցը: Այնուամենայնիվ, քրդուհի թուրք փորձագետ կնոջ ազդանշանը հետաքրքիր է: Թուրքիայում էթնիկ պառակտումը կխաթարի իրավիճակը, և սուր հակամարտությունները կրկին կվերադառնան թուրքական տարածք: Դատելով որոշ տվյալներից՝ Թուրքիայի իշխանությունները երկրում էթնիկական պառակտումների սպառնալիքի առումով նույնպես ինչ-որ բան գիտեն և հասկանում են: ԱՄՆ փոխնախագահ Փենսին Անկարա ժամանելուց երկու օր առաջ թուրքական պետական Anadolu գործակալությանը հաղորդել է, որ ոստիկանությունը ձերբակալել է քրդամետ «Թուրքիայի ժողովուրդների Ժողովրդավարական կուսակցությանը» (HDP) պատկանող՝ Հեքքարիի, Յուքսեքովի, Էրսիսի և Նուսայբինի քրդերի մեծամասնության քաղաքների չորս քաղաքապետների: Ավելորդ է ասել, որ ձերբակալվածները քրդեր են և ձերբակալվել են «ահաբեկիչների հետ ենթադրյալ կապի համար»: Թվարկված քաղաքները հարակից են Իրաքի և Սիրիայի հետ Թուրքիայի սահմաններին: Մասնավորապես, Նուսայբինը նույնիսկ վերջերս ենթարկվել է պատասխան հրթիռակոծության սիրիական Աին ալ-Արաբի կողմից, երբ քրդերը հակադարձում էին թուրքական գործողությունները այս քաղաքի ուղղությամբ: Նուսայբինը, ի դեպ, հնագույն միջագետքյան Նիսիբիսը կամ Մծբինն է: Վաղ միջնադարում քաղաքը նաև Սասանյան Պարսկաստանի մայրաքաղաքներից մեկն էր: Այստեղից էլ բնակչության իրանախոս խավերը, որոնց, իմիջիայլոց, անհիմն «հաշվառում» էին որպես «քրդեր»: Եվ ո՞վ կերաշխավորի, որ Թուրքիայի չորս հարավային քաղաքների քաղաքապետների ձերբակալություններից հետո այստեղ չեն կրկնվի էթնիկ «զտումները», որին ենթարկվել են Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող քրդաբնակ շատ քաղաքներ, հատկապես Սիրիայի և Իրաքի հետ սահմանների անմիջական հարևանությամբ: Նման բան արդեն տեղի է ունեցել 2013-14 թվականներին․ տարօրինակ է, բայց ժամանակակից Թուրքիայի հարավ-արևելքում այդ էթնիկ «զտումները» համընկնում էին «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ուժի և հզորության գագաթնակետի ժամանակների, Իրաքի Մոսուլի և սիրիական Էր-Ռաքքայի ահաբեկչական վերահսկողության հաստատման հետ, որոնք, ինչպես հայտնի է, հռչակվել էին որպես «Իսլամական խալիֆաթի մայրաքաղաքներ»…

Եթե ​​քուրդ քաղաքապետների վերսկսված ձերբակալություններից հետո կրկնվի նաև Թուրքիայի սահմանային տարածքի էթնիկ «զտումը», ապա ժամանակն է ենթադրել, որ Անկարան մտադիր է ստեղծել «անվտանգության գոտի»՝ քրդերից կամ նույնիսկ իրանախոս ժողովուրդներից և այս կամ այն ​​խորության, քուրդ ցեղերից «մաքրված» գոտի, նաև իր տարածքում, այլ ոչ միայն Հյուսիսային Սիրիայում: Մենք չենք հավատում, որ աշխարհում ոչ ոք դա չի տեսնում և չի հասկանում. տեսնում են, հասկանում, բայց պարզապես լռում են: Իրավապաշտպանների թույլ աղաղակը չի հաշվվում: Այժմ՝ 2019-ի հոկտեմբերին, մենք ականատես ենք լինում Անկարայի ուժայինների կողմից հստակ պլանավորված և համաձայնեցված գործողությունների` Հյուսիսային Սիրիայում «Խաղաղության աղբյուր» գործողությունը և հենց Թուրքիայում քրդերի ձերբակալությունները, որոնք, կարծես թե, օրինականորեն ընտրվել են քրդաբնակ քաղաքների քաղաքապետներ և ներկայացնում են բավականին լեգիտիմ, համենայն դեպս թուրքական օրենքներով չարգելված «HDP» կուսակցությունը, որի ղեկավարները, ճիշտ է,  այդ թվում նաև հայտնի քաղաքական գործիչ՝ Սելահեթթին Դեմիրթաշը, բռնադատվել են 2017-18 թվականներին՝ «ահաբեկիչների հետ կապ ունենալու» կասկածանքով։

Սերգեյ Շաքարյանց