Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով

«Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանը, որն իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։

Այս մասին հայտնել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

«Նաիրի Հունանյանի դիմումն ստացվել է սեպտեմբերի 11-ին։  Այն ընթացքի մեջ է, պատասխանը կտրվի 80 օրից հետո»,- ասել է Նավիկյանը:

Նշենք, որ այս տարի լրանում է նրա դատապարտման 20 տարին: Նաիրի Հունանյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ իրականացրել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա հարձակումը, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Գործողությունների հետևանքով զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է: