Անկարան թարգմանական սխալ է համարում Թուրքիայի դեմ պատերազմելու վերաբերյալ Պոմպեոյի խոսքերը

Անկարան թարգմանական սխալ է համարում Թուրքիայի դեմ պատերազմելու պատրաստակամության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի խոսքերը, «նա չէր կարող նման անպատասխանատու հայտարարություն անել»:

Այս մասին հայտարարել է Ուզբեկստանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Սուրեյա Էրը:

«Կարծում եմ՝ այստեղ սովորական մարդկային գործոնն է, թարգմանության սովորական սխալը: Ես չեմ կարծում, որ բարձրաստիճան պաշտոնյան կարող է այդպիսի անպատասխանատու հայտարարություն անել: Մեզ համար կարևոր են գրավոր հայտարարությունները»,- ասել է նա Տաշքենդում կայացած մամուլի ասուլիսում։

Ավելի վաղ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդիրների ուժային լուծման կողմնակից չէ, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի ռազմական ուժ կիրառել Թուրքիայի դեմ ի պատասխան Սիրիայում նրա գործողությունների:

Ընդսմին հեռուստաալիքը պարզաբանում է, որ պետքարտուղարը խոսում էր հենց Թուրքիայի դեմ գործողությունների մասին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 21-ին Թուրքիային սպառնացել է մաքսատուրքերով ու պատժամիջոցներով՝ նրա կողմից «անընդունելի գործելակերպի» դեպքում: