Թուրքական սադրանք Արցախի ռազմաճակատում

Սոցիալական ցանցերով ու  մի շարք լրատվամիջոցներով հոկտեմբերի 16-ին տարածվեցին   հաղորդագրություններ, որոնք ահազանգ ու անհանգստություն են առաջացրել: Հեղինակները հայտնում էին, որ ադրբեջանցիները սոցիալական ցանցերում տարածել են  տեսանյութ, որում երևում է, որ արցախա-ադրբեջանական սահմանի մոտ հավաքված են մեծ թվով մարդիկ`  «Ղարաբաղը Ադրբեջանն է» պաստառներով: Ըստ երևույթին, այդ սադրանքի մասնակիցները, իսկ դա սադրանք է, քանի որ Արցախի և Ադրբեջանի միջև սահմանը փաստացի ռազմաճակատի գիծ է, կրկնում էին Իլհամ Ալիևի` ԱՊՀ երկրների վերջերս կայացած գագաթնաժողովում արած հայտարարությունը: Ինչպես երևում է կադրերում, մասնակիցների մեջ շատ անչափահասներ կային: Այսինքն՝ կազմակերպիչները ուղղակիորեն հույս ունեին, որ հակառակ կողմից կրակահերթ կլինի, ու կլինեն, այսպես կոչված, «սուրբ զոհ-երեխաներ»` «սպանդի գառներ»:

Առայժմ պարզ չէ, թե կոնկրետ ով է կազմակերպիչը, բայց հստակ տեսանելի են  միկրոավտոբուսները, որոնք ոստիկանության ուղեկցությամբ բերել են մասնակիցներին: Այսպիսով, ռազմաճակատում նման սադրանքի կազմակերպման հետևում կանգնած է Ադրբեջանի իշխանությունը, քանի որ այդ երկրի ոստիկանությունը չի խոչընդոտել սահմանին կազմակերպված սադրիչ հավաքը: Ակնհայտ է, որ նրանք «ազդանշանի են սպասել» ինչ-որ մեկից, միգուցե նաև Բաքվից: Թուրք սադրիչների նպատակն ակնհայտ է. դրոշներով և պաստառներով, գոնե մեկ կամ երկու րոպեով, ճեղքել ռազմաճակատը և ներխուժել Արցախ: Հիշեցնեմ, որ նույն կերպ թուրքերը 1988-ին «երթով» գնում էին Աղդամից Ստեփանակերտ: Բայց այդ ժամանակ կրակոցներ չեն եղել, սակայն, ինչպես վկայում էր նախկին Մինսկի «Դինամոյի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Վասիլևսկին` «Թխամպ սարերում» ռեպորտաժում, «ուղեկցող» ադրբեջանցի ոստիկաններից մեկը թիկունքից  կրակում ու սպանում է երթի երկու մասնակիցներին: Կատարված սպանությունն առիթ դարձավ, որպեսզի ադրբեջանցիները հայտարարեն, թե վրեժխնդրիր են լինելու: Ես խորհուրդ կտամ բոլորին, հատկապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դիտելու այդ ռեպորտաժը: Միգուցե բելառուս, նախկին ԽՍՀՄ ֆուտբոլի չեմպիոնի վկայությունը նոր բան կասի նիհիլիստներին, ովքեր ժխտում են մեր ազգային արժեքներն ու սիրում մեր հավերժական թշնամիներին:  Ահա, մի մեջբերում Ա. Վասիլևսկու ռեպորտաժից, դեպքերը տեղի են ունեցել  1988 թվականին. «Փետրվարի 14-ի գիշերը, երբ Ստեփանակերտում տեղի ունեցավ առաջին ցույցը, Ադրբեջանի Կոմկուսի մարզկոմի բյուրոյի նիստի ժամանակ Ադրբեջանի Կոմկուսի ԿԿ բաժնի վարիչ Ասադովը հայտարարեց, որ «հարյուր հազար ադրբեջանցիներ պատրաստ են ցանկացած պահի ներխուժել Ղարաբաղ և կազմակերպել կոտորած»: Փետրվարի 15-ի գիշերը ժամը 1-ին կուսակցության քաղաքային կոմիտեում քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Մովսիսյանն այդ մասին տեղեկացրեց բոլոր խոշոր ձեռնարկությունների ղեկավարներին, բայց կտրականապես հրաժարվեց իրավիճակի մասին տեղեկացնող հեռագիր ուղարկել ԽՄԿԿ Կենտկոմին: Հեռագիրը ուղարկվել է միայն չորս օր անց։ Փետրվարի 20-ին՝ մարզային նստաշրջանի օրը, որի ժամանակ պետք է որոշվեր ԼՂԻՄ-ի՝ Հայաստանի հետ վերամիավորվելու հարցը, ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ոստիկանությունը, ՆԳՆ հատուկ ծառայությունները, ադրբեջանական  կամավորները շրջափակել էին Ստեփանակերտը շրջաններին միացնող բոլոր ճանապարհները՝ կանխելու հայ պատվիրակների մասնակցությունը նիստին: Փետրվարի 22-ին, ադրբեջանական Աղդամ քաղաքի բազմահազարանոց բազմությունը, ոստիկանների հենակետերը քանդելով, ջարդելով այն ամենը, ինչը պատահում էր ճանապարհին, շարժվեցին դեպի Լեռնային Ղարաբաղի մերձակա Ասկերանի շրջան: Օրվա կեսին ամբոխը կանգնեցվեց գյուղի մոտակայքում և քսան ոստիկանական ստորաբաժանումների օգնությամբ (մոտավորապես`1000 մարդ) ցրվեց: Խռովությունների ընթացքում, դեռևս չպարզված հանգամանքներում, սպանվեցին երկու երիտասարդ աղդամցի, ԼՂԻՄ-ի շուրջ հիսուն բնակիչներ վիրավորվեցին և տեղափոխվեցին հիվանդանոց…

Հաջորդ օրերին Ադրբեջանի հեռագրական գործակալությունը, որին հաջորդեց ՏԱՍՍ-ը, Համամիութենական ռադիոն և Կենտրոնական հեռուստատեսությունը հաղորդել էին երկու ադրբեջանցիների սպանության մասին, դեպքը տեղի էր ունեցել  «Աղդամի և Ասկերանի բնակիչների միջև բախման արդյունքում»: Այս սպանությունը տեղի է ունեցել մինչ օրս չպարզված պայմաններում: Համենայնդեպս, կասկած չկա, որ Լեռնային Ղարաբաղի հայերը ոչ մի կապ չունեն, առնվազն նրանցից մեկի՝ Աղդամի մեքենասարքավորման գործարանի ֆրեզերային ցանցի բանվոր, քսաներկուամյա Ալի Հաջիևի սպանության հետ: Ահա, թե ինչ է պատմում Ալիի մահվան հանգամանքների մասին նրա եղբայրը՝ քսանիննամյա ինժեներ-շինարար Արիֆ Հաջիևը․ «Ալիին կրակել է ադրբեջանցի ոստիկանը: Եղբայրս անմիջապես մահացավ: Կրակոցը դիմահար էր, փամփուշտը հարվածեց սրտին: Նրա և սպայի միջև վեճ էր ծագել: Այնուհետև, Ալին բռնեց իր ընկերոջ Ուլվի Վախրամովին և ասաց. «Պահիր ինձ, վիրավորել են ինձ», և ընկավ: Ուլվին տեսավ այն ոստիկանին, որը կրակել էր Ալիի վրա: Նա նրան չի ճանաչում, բայց  լավ գիտի մեկ այլ սպայի՝ Աղդամին, որը կրակողին անմիջապես նստեցրեց մեքենայի մեջ և քշեց: Վերջերս Մոսկվայից ժամանած փոխգնդապետ Նիկոլաևն ասաց, որ այժմ նոր քննություն է սկսվել: Թերթում հայտարարություն է տրվել, որով խնդրվում է սպանության ականատեսներին ներկայանալ ոստիկանություն…»:

Հիշեք այս մասին` Հայաստանի և Արցախի քաղաքացիներ, հիշեք` Հայաստանի և Արցախի  առաջնորդներ. թուրքերը հեշտությամբ կարող են սպանել անգամ իրենց հայրենակիցներին, իրենց երեխաներին ու բարդել հայերիս վրա: Այսպիսին են մեր «հարևանները», որոնց հետ մեզ ուզում է «բարեկամացնել» Նիկոլ Փաշինյանը…

Հոկտեմբերի 17-22-ը տարածված տեղեկատվությամբ`սադրանքը տեղի չունեցավ: Վախեցան, ռիսկի չգնացին: Անկախ ամեն ինչից, մենք մեր զգոնությունը կորցնելու իրավունք չունենք: Մենք պարտավոր ենք միշտ հիշել մեր թշնամու սադրիչ էության մասին…

Սերգեյ Շաքարյանց