Պոմպեոն թուրքերին հիշեցրել է, որ Թրամփը պատրաստ է Թուրքիայի դեմ ռազմական ուժ կիրառել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կիրառել Թուրքիայի դեմ՝ Սիրիայում տիրող իրավիճակի առնչությամբ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն CNBC-ին տված հարցազրույցում, տեղեկացրել է Ermenihaber.am-ը։

«Մենք խաղաղությունը գերադասում ենք պատերազմից, սակայն դուք պետք է իմանաք, որ ռազմական կամ վճռական գործողությունների անհրաժեշտության դեպքում, նախագահ Թրամփն ամբողջովին պատրաստ է այդպիսի գործողությունների»,- ասել է Պոմպեոն։

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ ԱՄՆ-ը և Թուրքիան մի քանի օր առաջ պայմանավորվել էին, որ Սիրիայի հյուսիս-արևելքում 120-ժամյա հրադադարի ռեժիմ կհաստատվի, որի ընթացքում քուրդ զինյալները պետք է հեռանան Եփրատի արևելքից։ ԱՄՆ-ը աջակցելու է Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) դուրսբերմանը տվյալ գոտուց։

Նախօրեին էլ թուրքական կողմը քրդերին հիշեցրել էր, որ ստեղծվելիք անվտանգության գոտու տարածքից նրանց դուրս գալուն մնացել է ընդամենը 35 ժամ, հակառակ դեպքում Անկարան կվերսկսի հոկտեմբերի 9-ին սկսած «խաղաղության ակունք» ռազմագործողությունը։