Թուրքական զինուժը մեղադրվում է Սիրիայում արգելված զինատեսակ օգտագործելու մեջ

Բրիտանական «Times» պարբերականն անդրադարձել է շրջանառվող այն լուրերին, ըստ որոնց՝ Թուրքիայի զինված ուժերը «Խաղաղության ակունք» ռազմական գործողության ընթացքում կիրառել են արգելված զինատեսակ՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող ռազմամթերք։

Թերթի թղթակիցներից մեկը հարցազրույց է վարել տեղում բուժօգնություն ցուցաբերող իրանցի բժիշկ Աբաս Մանսուրանի հետ: Նա հայտնել է, որ վիրավորներից մի մասն ունեցել է ֆոսֆորային այրվածքներ։ Վիրավորների թվում կան նաև քաղաքացիական անձինք։

Հրապարակման մեջ բրիտանական պարբերականը կոչ է արել հետաքննություն անցկացնել դեպքի առնչությամբ։

Քիմիական զենքի գծով բրիտանացի փորձագետ Հեմիշ դե Բրեթոն-Գորդոնը նկատել է. «Սպիտակ ֆոսֆորը սոսկալի զենք է, որը հնարավոր է օգտագործել ինքնաթիռների կամ հրետանու միջոցով»:

Հիշեցնենք, որ նախօրեին թուրքերը և ամերիկացիները պայմանավորվել էին, որ Սիրիայի հյուիս-արևելքում 120 ժամով կրակի դադարեցում կլինի, որի ընթացքում քուրդ զինյալները պետք է հեռանան Եփրատի արևելքից։ ԱՄՆ-ը աջակցելու է «Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) դուրսբերմանը տվյալ գոտուց։