Թուրքիան և ԱՄՆ-ը պատերազմի շարունակություն են ուզում Մերձավոր Արևելքում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այնուամենայնիվ, հոկտեմբերի 17-ին հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին: Արդյունքը՝ տարօրինակ համաձայնությունն էր: Ամերիկացիները փաստաթուղթն անվանել են համաձայնություն հրադադարի մասին: Թուրքերը խոսում են այլ բանի մասին. ինքը՝ Էրդողանը,  հայտարարել է, որ մտադիր չէ զինադադար կնքել քրդական զորամիավորումների հետ: Իսկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն բացեց բոլոր փակագծերը՝ ասելով․ «Քրդական աշխատավորական կուսակցության կազմավորումների դուրսբերումը իրականացվելու է սահմանազատման գծից՝ թուրք-սիրիական սահմանից մոտավորապես 32 կմ դեպի հարավ: Ռազմական գործողությունների կասեցումը քրդերի հետ զինադադար չի նշանակում: ԱՄՆ-ը քրդական զորամիավորումներից նույնպես հավաստիացումներ է ստացել, որ նրանք հավատարիմ կմնան Սիրիայի հյուսիսում հրադադարի վերաբերյալ ամերիկա-թուրքական համաձայնագրերին: Վաշինգտոնը Անկարայի դեմ նոր պատժամիջոցներ չի կիրառի, ինչպես նաև չեղյալ կհայտարարի արդեն գործող տնտեսական սահմանափակումները, երբ Սիրիայում թուրքական գործողությունների գոտում ապահովվի մշտական ​​հրադադար»: Չավուշօղլուն նաև շեշտեց, որ եթե հատկացված «ոչ զինադադարի» 120 ժամերի ընթացքում քրդերը չհեռանան (իսկ նրանք չեն գնա, քրդերը ապրում են այնտեղ …), պատերազմական գործողությունները կվերսկսվեն: «Սա գործողության ավարտը չէ, սա դադար է», – եզրափակեց Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:

Հոկտեմբեր 18-ի երեկոյից քրդական զորամիավորումների ներկայացուցիչները, ինչպես նաև մի շարք դիտորդներ պնդում էին, որ թուրքական բանակը շարունակում է գնդակոծությունները Ռաս ալ-Այն քաղաքում՝ չնայած ռազմական գործողությունը կասեցնելու պայմանավորվածությանը: Հաղորդվում է 14 քաղաքացիական անձանց մահվան մասին: Իսկ «Amnesty Inernational» իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել, որում նշվում է, որ թուրքական զինված ուժերը և «Սիրիայի ազատ բանակի» նրանց աջակցող խմբերը կատարել են ռազմական հանցագործություններ: Էրդողանը սուտ և ապատեղեկատվություն անվանեց Սիրիայի հյուսիսում թուրքական զորքերի մասնակցությամբ ռազմական գործողությունների շարունակման վերաբերյալ հաղորդումները: Նա նաև ասաց, որ մտադիր է համոզել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին (հավանաբար, 22 հոկտեմբերի), որ Ռուսաստանը ստիպի քրդերին լքել Մանբիջը:

Պարզ դարձավ, որ ռազմական գործողությունների «դադարը» անհրաժեշտ է ոչ  Թուրքիային, և ոչ էլ  քրդերին: 120 ժամվա, այսինքն՝ 5 օրվա ընթացքում, հազիվ թե հնարավոր լինի դուրս բերել բոլոր քրդական ստորաբաժանումները (2015-ին դրանց թիվը գնահատվում էր մոտ 10-12 հազար մարդ) Էրդողանի նշած սահմաններից դուրս: Ըստ երևույթին, «դադարը» պետք էր ԱՄՆ-ին՝ լքվող հենակետերում ապացույցները վերացնելու համար: Էրդողան-Փենս հանդիպման օրը «Reuters»-ը իր հրապարակման մեջ նշում է, որ երկու ամերիկյան F-15 ինքնաթիռներ ավիահարվածներ են հասցրել՝ Այն ալ-Արաբի մերձակայքում տեղակայված տարածքներից նահանջելուց հետո մնացած զինամթերքի պահոցը և ռազմական տեխնիկան ոչնչացնելու համար այն բանից հետո, երբ քաղաք մտան սիրիական բանակն ու Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը: Աղբյուրները պնդում են, որ պահեստը ոչնչացվել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի 16-ին ամբողջ անձնակազմը լքել է ամերիկյան բազան: ԱՄՆ-ը դիմել է այս քայլին, որպեսզի այլ ուժեր չօգտագործեն ԱՄՆ ռազմական ռեսուրսները, հավելել է աղբյուրը: Սիրիայի և Ռուսաստանի քրդական աղբյուրները լրացնում են. ռազմաբազայի ոչնչացումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ օրեր առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էին ռուս զինվորականները Այն-Իսայի բազայում, որտեղ նախկինում տեղակայված էին ամերիկացի զինվորներ:

Մնում է միայն ավելացնել, որ օրերս Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի (ԱԱԳԽ) քարտուղար, փոխծովակալ Ալի Շամխանին դատապարտելով Սիրիայի դեմ թուրքական ագրեսիան, այս քայլն անվանեց «ԱՄՆ-ի կողմից կազմակերպված դավադրություն, որն ուղղված է Մերձավոր Արևելքում ԻՊ-ի վերակենդանացմանը»:

Սերգեյ Շաքարյանց