Մեկնարկել է «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովը

Մեկնարկել է «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովը, որը միավորել է այդ ցանցի ավելի քան 450 անդամի՝ շուրջ 75 երկրից։ Համաժողովի բացման արարողությանը ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, բազմաթիվ հյուրեր։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարության լրատվական ծառայությունը։

Լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ այս միջոցառումն իր կարգախոսով տեղավորվում է այն քաղաքականության շրջանակում, որը հռչակել է ՀՀ կառավարությունը, այն է՝ որակյալ կրթություն բոլորի, այլ ոչ թե քչերի համար:

«Նման ներկայացուցչական քննարկումները և արտերկրի լավագույն փորձի ներմուծումը կօգնեն մեզ՝ ծրագրերի մշակման և նոր քաղաքականության իրականացման առումով: Մենք համագործակցում ենք ,Դասավանդի՛ր, Հայաստանե-ի հետ. նրանց մասնագետները մեր տարբեր դպրոցներում դասավանդում են, և իրենց մեթոդաբանությունից որոշ դրվագներ և բաղադրիչներ անպայման ներառում ենք մեր բարեփոխումների և ծրագրերի մեջ»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի արդյունքը տեսանելի է, քանի որ նրանց մասնագետները ոչ միայն կրթություն են տալիս, այլև առհասարակ միջավայր են փոխում համայնքներում, մոտիվացնում աշակերտին:

Ըստ Արայիկ Հարությունյանի՝ Հայաստանում նման ներկայացուցչական միջոցառում անցկացնելը պայմանավորված է նաև հանգամանքով, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը բավականին ակտիվ համագործակցում է «Կրթություն բոլորի համար» ցանցի շրջանակում:

Նշենք, որ այս տարվա համաժողովի քննարկման հիմնական թեման է՝ ինչպես նախապատրաստել աշակերտներին հարափոփոխ աշխարհի կերտմանը: Եռօրյա համաժողովի ընթացքում նախատեսվում են քննարկումներ ինչպես «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցում, այնպես էլ դրանից դուրս գործող մասնագետների, զանազան խմբերի մասնակցությամբ:

Համաժողովին մասնակցում են պատվիրակներ ամբողջ աշխարհից, այդ թվում՝ Լիխտենշտեյնի արքայադուստր Տատյանան, «Աշխարհի լավագույն ուսուցիչ» 2019թ. տիտղոսակիր Փիթեր Թաբիչին, Համաշխարհային բանկի կրթության գլոբալ պրակտիկայի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավար Հարրի Փաթրինոսը:

Վերջին 5 տարիների ընթացքում կրթական համակարգում «Դասավանդի′ր, Հայաստան»-ի ազդեցության կրողներն են Հայաստանի յոթ մարզերի ավելի քան 14 000 երեխաներ: