Լոս Անջելես-Շուշի բարեկամության ասոցիացիան կրթաթոշակներ կտրամադրի ՇՏՀ ուսանողներին

Կրթությունը խթանելու նպատակով` Լոս Անջելես-Շուշի բարեկամության ասոցիացիան կրթաթոշակներ կտրամադրի Շուշիի Տեխնոլոգիական Համալսարանի ուսանողներին:

Այս մասին «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի արտաքին կապերի և միջազգային համագործակցության բաժնի պետ Արևիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Լոս Անջելես-Շուշի բարեկամության ասոցիացիան Լոս Անջելես քաղաքի և Արցախի Հանրապետության Շուշիի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների արդյունք է, որը նախաձեռնել էր Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Պոլ Քրեկորլանը 2012 թվականին:

«Ասոցիացիան ստեղծվել է Շուշիի շարունակական բարգավաճման և աճին աջակցելու համար: Մենք աջակցում և խրախուսում ենք ուսանողներին զարգացնել հաջողության հասնելու համար անհրաժեշտ հմտությունները, որպեսզի օգնեն իրենց երկրին զարգացնել կենսունակ տնտեսության գիտական և տեխնոլոգիական հիմքը: 2019-2020 ուսումնական տարվա դիմումները ընդունվում են մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 15-ը»,- մանրամասնել է Ա. Հարությունյանը: Հարությունյանը նշել է, որ ցանկացողները կարող են դիմել Շուշիի տեխնոլոգիական համալսարան: