ԱՄՆ-ը թակարդներ են պատրաստում Թուրքիայի և Եվրասիայի Մեծ Երրորդության համար

Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացավ, որ ինքն է որոշելու, թե երբ «ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը` անհնազանդության համար»: Որոշեց`ժամանակն է: Իր զինվորներին և սպաներին հեռացրեց թուրքական կրակից և որոշեց: Ամերիկայի նախագահը սիրում է իր որոշումները նախ տարածել Twitter- ի միջոցով: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ հենց Թրամփից են օրինակ վերցնում այսօրվա կառավարության որոշ հայ գործիչներ… Եթե ինչ-որ մեկը համաձայն չէ ինձ հետ, խնդրեմ՝ պարզապես հիշեցնեմ. վատ օրինակը վարակիչ է, իսկ Հայաստանին այսօր վատ օրինակներ պետք չեն, նույնիսկ ԱՄՆ-ից… Բայց վերադառնանք Թրամփին, Թուրքիային և… Սիրիային, իհարկե:

«Յուրաքանչյուրը, ով ցանկանում է օգնել Սիրիայի քրդերին պաշտպանելու գործում, ինձ հարմար է, լինի դա Ռուսաստանը, Չինաստանը կամ Նապոլեոն Բոնապարտը», – գրել է Թրամփը Twitter- ում: Սովորաբար, երբ ցանկանում են անտարբերություն դրսևորել, ասում են. «…նույնիսկ ինքը՝ Տեր Աստվածը»: Բայց Թրամփը հասկացել է, թե ինչի մեջ է ընկնելու, եթե, բացի բոլոր կասկածներից իր մասին, նա գրեր՝ Աստված իրենց հետ: Ախր, դա 1930-45 թթ. Գերմանական նացիստների կարգախոսներից է… Այսպիսով, Թրամփը հաջողություն մաղթեց նրանց՝ Ռուսաստանին, Չինաստանին և…Նապոլեոնին: Ընդ որում, ոչ միայն Ռուսաստանին Չինաստանի և Բոնապարտի հետ, այլև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին՝ նրա մեջ ճանաչելով իրական պատմական անհատականություն և ուժ: Շարունակենք կարդալ. «Թող Սիրիան և Ասադը պաշտպանեն քրդերին և կռվեն Թուրքիայի դեմ: Ես ասացի գեներալներին. ինչու մենք պետք է պայքարենք մեր թշնամու երկրի համար»: Թրամփի մտքերը, իհարկե, շփոթված են, ինչը կարելի է վերագրել նրա խորհրդականների խղճին. նրանք չեն բացատրել, թե կոնկրետ ինչ են անում Սիրիան և ալ-Ասադը Թուրքիայի հետ, և որ «մեր թշնամու երկիրը» դեռ մի շաբաթ առաջ համարվում էր «մեր դաշնակցի երկիր», այսինքն՝ սիրիական քրդերի։ Բայց եզրակացությունը ցայտուն է իր պարզությամբ և տրամաբանությամբ․ այստեղ նրանք՝ ամերիկացիք, անելիք չունեն:

Այո, Ամերիկայում կա նաև նախընտրական, վաղաժամ տենդի տարր: Թրամփի վերահսկողությունից դուրս եկող ԱՄՆ Կոնգրեսը, ինչպես հայտնի է, աշխատում է Անկարայի դեմ խստացումների և պատժամիջոցների իր փաթեթի վրա: Այնպես որ, Թրամփը առաջ անցնելու խաղ խաղաց։ Իբր պատժեց Թուրքիայի նախագահ Էրդողանին, բայց այնպես, որ վերջնականապես չխզի կապը իր հետ: Դրա համար էլ Անկարա է ուղարկել բարձրաստիճան լիազոր պատվիրակությանը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ Պետդեպարտամենտում հասկացնում են, որ Թուրքիան դեռ կարող է խուսափել բարդություններից, եթե դադարեցնի «միակողմանի հարձակումը» Սիրիայում և վերադառնա Վաշինգտոնի հետ երկխոսության: Թրամփը կարողանում է «խաղալ» և շահարկել, և ահա սիրիական Մանբիջ քաղաք են մտնում սիրիական բանակը և Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը, սիրիական զորքերը ազատորեն բաց են թողնում շտապող ամերիկացի զինծառայողներին, որոնք արագ հեռանում են Մանբիջից՝ ցուցադրաբար ուշադրություն չդարձնելով ամերիկացիներին: Բայց չէ՞ որ թուրք գեներալիտետը, անձամբ Էրդողանը այնպես էին երազում Մամբիջի մասին: Թրամփը, ըստ երևույթին, ցանկանում է, որ Թուրքիայի նախագահը նյարդայնանա և զայրանա: Իսկապես, արդեն հայտնի է, որ Էրդողանը հերթական անգամ պլանավորում է մեկնել Ռուսաստան, և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հրապարակավ խոստովանեց, որ բանակցությունների թեման մեկն է՝ Սիրիան: Մենք դա գրում ենք այն մարդկանց համար, ովքեր այժմ կսկսեն «պղտորել հայ ժողովրդի ուղեղը» ստերով. իբր թե, «Հայաստանն ու Արցախը ռուսները վաճառելու են» թուրքերին: Զգուշացնում ենք. հարցի լուծումը փնտրեք Թրամփի խոսքերում:

Այսպիսով, Թրամփը խոստովանեց. Սիրիան հանձնում ենք (այսինքն՝ Ամերիկան է հանձնում) Ռուսաստանին, Չինաստանին և «Նապոլեոն Բոնապարտին»: ԱՄՆ նախագահը պարզապես զգուշացավ վերջին ճշմարտությունից. «Նապոլեոն Բոնապարտ»-ը դա Իրանն է՝ Եվրասիայի Մեծ Երրորդության երրորդ տերությունը, որը Ռուսաստանի և Չինաստանի հետ միասին ներգրավված է Եվրասիայում աշխարհաքաղաքականության «վերափոխման» գործում: Թրամփի բոլոր թվարկված հայտարարությունները նաև ոչ պաշտոնական ճանաչում. 1) Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և սիրիական կառավարության լիակատար օրինականության. 2) նոր «Գլոբալ Մերձավոր Արևելք» կազմավորելու սիոնիստ-իսրայելական պլանի ձախողման, որը նախատեսում էր ոչ միայն Անատոլիայի ապամոնտաժում, այսինքն՝ Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Միջագետքի, այլև Սիրիայի, Իրաքի և Իրանի մահացու մասնատումը և փլուզումը: Այնուամենայնիվ, մերձավորարևելյան «Նապոլեոն Բոնապարտը»՝ Իրանը Ռուսաստանի և Չինաստանի օգնությամբ, ոչնչացրեց այդ մահաբեր պլանները, և Իրանն իրականում ներկա է և՛ Սիրիայում, և՛ Իրաքում: Այսպիսով, ոչ ոք չի կարող առանց Իրանի համաձայնության և աջակցության նույն Սիրիայում և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքում որևէ մի բան ձեռնարկել: Հաջողակը նա է, ում դաշնակիցն է Իրանը:

Դե, իսկ որպեսզի Եվրասիայի Մեծ Երրորդությունը շատ չուրախանա, ԱՄՆ-ը նրանց համար ծուղակ են պատրաստում: Հոկտեմբերի 15-ին Իրաքի անվտանգության ավագ փորձագետ Հաֆեզ ալ-Բաշարը «al-Ma’aloumeh» արաբալեզու լրատվական կայքին հայտնել է, որ ԱՄՆ-ը, որ ստեղծել և վերջին մի քանի տարիներին աջակցում է «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչներին, ներկայումս ծրագրում է նրանց համար անվտանգ գոտի ստեղծել Իրաքում: Նա հավելել է, որ Վաշինգտոնը, որն Իրաքում երեք տարածք է ընտրել ԻՊ անդամներին վերատեղակայելու համար, ցանկանում է գրոհայիններին տեղակայել նախ Սիրիայում թուրքական ռազմական հարձակումներին ենթարկված շրջաններ, այնուհետև՝ Իրաք: «Առաջին տարածաշրջանը, որը ԱՄՆ մտադիր են հանձնել ԻՊ ահաբեկիչներին, Սիրիայի Աբու Քեմալի և Իրաքի Քաիմի միջև տարածքն է. երկրորդ շրջանը՝ Էյն Ասադ բազան է, իսկ երրորդ շրջանը՝ Իրաքյան Քուրդիստանի ամերիկյան բազաներից մեկն է»,- ասաց Ալ-Բաշարան: Այնպես որ, սիրիական քրդերի պաշտպանությունը «հանձնելով» հակառակորդների ձեռքին՝ պատերազմը չի ավարտվի:

Սերգեյ Շաքարյանց