Նիկոլ Փաշինյանի դեմ լարած թակարդ, գործ կհարուցվի՞ վարչապետի և մյուսների դեմ

Մոտ երկու շաբաթ առաջ իշխանության հարճի տիտղոսին հավակնող անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն և իրավապահների ուշադրությունը հրավիրել էր այն հանգամանքի վրա, որ Թովմասյանը ՍԴ անդամ դառնալուց առաջ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում չի գրել: Բացի այդ պնդել էր, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով: Դրա մաս են դարձել Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանն ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարը։

Ըստ Բաբաջանյանի սահմանափակ ունակությունների՝ Հանրապետականի հետ համագործակցությամբ ամեն ինչ արվել է, որպեսզի Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը ստանձնի 2018 թվականի ապրիլի 9-ից առաջ՝ մինչև 2015-ին փոփոխված Սահմանադրությունն ամբողջությամբ ուժ մեջ մտնելը, որպեսզի պաշտոնավարի ոչ թե 6 տարի, այլ մինչև 65 տարեկանը։

Հենց այդ նպատակով լիազորությունների ավարտից մոտ մեկ ամիս շուտ հրաժարական է տվել ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը: Այս հաղորդման վրա այսօր՝ ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել Հրայր Թովմասյանի դեմ իշխանության զավթման հատկանիշներով: Իրավաբաններն արդեն արտահայտվել են, որ սա հանցակազմ չպարունակող և իրավական հետևանքներ չառաջացնող գործընթաց է, քանի որ պատգամավորի լիազորությունները իրավունքի ուժով դադարեցվել է ճիշտ այն պահից, երբ ինքն ընտրվել է ՍԴ դատավոր: Իսկ օրենքը չի պարտադրում, որպեսզի ՍԴ դատավորի թեկնածուն մանդատից հրաժարվելու դիմում գրի: Արա Ղազարյանը նույնիսկ կարծիք հայտնեց, որ քրեական իրավունքի համաձայն ենթադրությունների հիման վրա չի կարելի անձին ոչ մեղադրանք առաջադրել, ոչ դատապարտել։ Պետք է լինի ապացույց, փաստական տվյալ։ Ինչպես նաև մեծ հարց է՝ ինչպես է իշխանության յուրացման դրույթն ապացուցվելու։ Բոլորը միակարծիք են, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում և հերթական նախաձեռնությունը զուրկ է իրավական հիմքերից: Հետաքրքիր է՝ Արման Բաբաջանյանը մի՞թե չի խորհրդակցել իրավաբանների հետ, որոնք նրան կհուշեին զերծ մնալ այսքան անհեթեթ գործընթաց նախաձեռնելուց: Խնդիրն այն է, որ պատգամավորի նախաձեռնությունը նախևառաջ թակարդ է հենց Նիկոլ Փաշինյանի համար։ Եթե Հրայր Թովմասյանը ՍԴ դատավոր է դարձել մինչև պատգամավորական լիազորությունների դադարումը, ապա ճիշտ նույն կերպ Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ, Արարատ Միրզոյանը՝ փոխվարչապետ, Մանե Թանդիլյանն և Ֆելիքս Ցոլակյանն էլ՝ նախարար դարձել են մինչև իրենց պատգամավորական լիազորությունների դադարումը։

Եթե ՀՔԾ-ն մի դեպքում գործ է հարուցում, ապա պարտավոր է ժամ առաջ գործ հարուցել նաև մյուսների դեպքում և այս հոդվածն էլ ընդունեք հաղորդում հանցագործության մասին:

Անի Սահակյան

Աղբյուրը` hayeli.am