Ադրբեջանի ԱԳ նախարարը հիասթափված է Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ նյույորքյան հանդիպումից

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հիասթափված է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ վերջին հանդիպումից։

Այս մասին նա ասել է «Իզվեստիայի» հետ հարցազրույցում։

Ռուսական լրատվականի հարցին, թե Զոհրաբ Մնացականյանի հետ այս տարվա յոթ հանդիպումներից  կա՞ որևէ օգուտ, և կարելի՞ ասել, թե հակասության լուծման ինչ-որ առաջընթաց է գրանցվել, Մամեդյարովը պատասխանել է․

«Ես արդեն ասել եմ, որ, ցավոք, մենք պետք է խոսենք ոչ թե բանակցությունների, այլ հենց հանդիպման մասին։ Վերջին այդպիսի հանդիպում հայ գործընկերոջ հետ կայացավ Նյու Յորքում՝ Մինսկի խմբի մասնակցությամբ, անկեղծ ասած, ես մի քիչ հիասթափված եմ,- ասել է նախարարը։- Եթե մենք ուզում ենք առաջընթաց ունենալ և իսկապես ուզում ենք այդ վեճի քաղաքական լուծումը, ապա, իհարկե, պետք է սկսել, իմ սիրած բառերով ասած, «սուբստանտիվ բանակցություններ»,- այսինքն լինի ինչ-որ սուբստանցիա, ինչի հիման վրա էլ խոսակցություն կընթանա։ Այո, մենք բանակցություններ էինք վարում, և Մինսկի համանախագահները մի պահ ասացին. «Իսկ հասկանո՞ւմ եք, ռազմական գործողություններ են շփման գծում…»։

Բայց հանուն ճշմարտության, նշեմ, որ վերջին տարիներին (ի դեպ, որքա՞ն է արդեն, սկսել ենք Պրահայում, որը հետո հանգեցրեց Մադրիդյան փաստաթուղթի) շփման գծում անընդհատ բավական թեժ է եղել։ Եվ այնուհանդերձ, մենք կարողացել ենք լուծել խնդիրներ, առաջ շարժվել, բավական լուրջ և առարկայական բանակցություններ ենք վարել, թե ինչպես լուծենք ընթացիկ հարցերը, առաջին հերթին՝ պայմանավորվել, որպեսզի զինվորականները վերադառնան իրենց զորամասեր, իսկ մշտական բնակության վայրերից վտարված մարդիկ տուն վերադառնան։ Եվ միայն դրանից հետո բոլոր մնացած հարցերը կարելի էր լուծել։

Եվ այն, ինչ դրվել է Մադրիդյան փաստաթղթի հիմքում 2008 թվականին, հետո 2010-ին դրա վերանայված տարբերակը, ապա Կազանի փաստաթուղթը, այս ամենը վերամշակվում է, վերամշակվում, սակայն ըստ էության մնում է որպես բանակցությունների հիմք։ Եվ միշտ ասում ենք մեր համանախագահներին. մենք ուր պիտի փախչենք, հարկավոր  է նստել և Երևանի հետ առարակայական բանակցություններ վարել ըստ այն փաստաթղթի, որն այսօր կա սեղանին»։