Թուրք լրագրող. «Կոմիտաս. խաղաղության գինը»

Հոկտեմբերի 7-ին Ստամբուլում տեղի է ունեցել մեծանուն հայ երգահան ու երաժշտագետ Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյան) ծննդյան 150-րդ տարեդարձի առթիվ  կազմակերպված «Հնչում է Առավոտ լուսոն» խորագրով համերգը, որին մասնակցել են մի շարք անվանի արվեստագետներ ու երաժշտական խմբեր Թուրքիայից, ԱՄՆ-ից և Հայաստանից: Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։

Թուրքական «Hürriyet» թերթի լրագրողը նույնպես մասնակցել է համերգին և իր տպավորություններով` փոքր-ինչ քաղաքական երանգ հաղորդելով կիսվել իր սյունակում:

«Հնչում է Առավոտ լուսո» խորագրով համերգի մասին «Կոմիտաս. խաղաղության գինը» վերտառությամբ թուրք լրագրողի հոդվածը՝ համառոտ․

«Հոկտեմբերի 7-ին, երբ քայլում էի դեպի «Ջեմալ Ռեշիթ բեյ» համերգասրահ, սոցցանցերը փոթորկվում էին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում էր, որ կոչնչացնի Թուրքիայի տնտեսությունը: Հեռախոսս անձայն ռեժիմի վրա դրեցի, գցեցի պայուսակիս մեջ և գերադասեցի շարունակել վայելել այն համերգը, որը քիչ անց դիտելու էի…

Կոմիտասի ձայնով և տեսաձայնագրություններով կարճ տեսահոլովակ էին պատրաստել: Այդ ֆիլմը դիտելիս Հրանտին (խմբ. Դինք) հիշեցի: Համերգասրահը  լեփ-լեցուն էր: Բազմաթիվ արվեստագետներ, գրականագետներ և զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներ կային: Այնտեղ էին նաև հայ համայնքի հոգևոր առաջնորդներ և հասարակական գործիչներ…

Երեք ժամ տևած համերգից դուրս եկա մոտ հոգեպես թարմացած: Դեռ ավելին, համերգից առաջ ընթերցածս Թրամփի սպառնալից թվիթերյան գրառման համար գուցե և գտա ամենաճիշտ պատասխանը:

Մենք՝ այսինքն Անատոլիան (խմբ. Արևելյան Թրակիա, Արևմտյան Հայաստան), չի հիմնվել տնտեսական հողի վրա, այլ հիմնված է հազարավոր տարիներ շաղախված մշակութային ժառանգության վրա…

Նրանցից մեկը Կոմիտասն է… Այո, մեր ամենալավ պատասխաններից մեկը Կոմիտասն է, որ կարող են տալ Թրամփին կամ իր նմաններին… բավական է, որ հաշտվենք…»։