Մակրոնը Թրամփին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ Սիրիայում Թուրքիայի ռազմագործողությունները դադարեցնելու համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ գործընկեր Դոնալդ Թրամփի հետ՝ կոչ անելով որքան հնարավոր է արագ քայլեր ձեռնակել Թուրքիայի գործողությունները Սիրիայում դադարեցնելու համար: Այս մասին գրել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ելիսեյան պալատի պաշտոնական հաղորդագրությանը:

ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարների հեռախոսազրույցը տեղի է ունեցել նախորդ օրը՝ հոկտեմբերի 11-ին:

«Նա (Մակրոնը) շեշտել է տարածաշրջանում նոր «Իսլամական պետության» առաջացումը կանխելու անհրաժեշտության մասին և կոչ արել աջակցել նրանց, ովքեր պայքարել են ահաբեկիչների դեմ և պաշտպանել խաղաղ բնակչությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նաև ընդգծվում  է, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ը այս հարցում ակտիվորեն համագործակցելու են:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի  9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը սկսում են «Խաղաղության ակունք» անվանումով ռազմագործողությունը Սիրիայի հյուսիսում՝ ընդդեմ քրդական ուժերի:

Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող տարածքների ինքնավար վարչակազմը չորեքշաբթի օրը համընդհանուր զորահավաք է հայտարարել՝ կապված Թուրքիայի ԶՈՒ-ի ռազմական գործողությունների սպառնալիքի հետ:

Իրանն Անկարային կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները և դուրս բերել զորքերը երկրի տարածքից: Ռուսաստանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է զերծ մնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են խաթարել Սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: