Տնտեսական հեղափոխության գործում կառավարության թիվ մեկ դաշնակիցը գործարարներն են. վարչապետ

«Հայաստանն այս տարին միջազգային պահուստների առումով կամփոփի պատմական ռեկորդային ցուցանիշով: Դեկտեմբերի 31-ին երրորդ հանրապետության պատմության մեջ կունենանք միջազգային պահուստների ամենաբարձր ցուցանիշը, որը վկայում է մեր երկրի ֆինանսական համակարգի կայունության մասին: Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովում։

«Սա չեմ ուզում ձևակերպել որպես հաջողություն, որովետև մենք սա դիտարկում ենք որպես հնարավորություն, իսկ այն իրացնելը գործընկերությունն է` կառավարության և փոքր ու միջին բիզնեսի միջև: Այսօր այդ գործընկերության համար ստեղծված են բոլոր հնարավորությունները, մեզ համար չկա ընդդիմադիր և իշխանամետ գործարարների բաժանում: Բոլոր գործարարներին մենք համարում ենք մեր թիվ մեկ դաշնակիցը, ու մեր մեծագույն խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր գործարար իրեն զգա պաշտպանված: Եվ այդպես էլ պետք է զգա, որովհետև մենք այս մեկ ու կես տարվա ընթացքում չունենք սեփականության վերաբաշխման որևէ դեպք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ կառավարությունն այս հարցում իրեն նույնիսկ չափից ավելի զուսպ է պահում, որպեսզի հանկարծ գործարար աշխարհի շրջանում անորոշության զգացում չառաջանա: «Մենք պետք է ամուր կանգնենք նրա թիկունքին, ով քարը քարի վրա է դնում, աշխատատեղ է ստեղծում, հարկ է վճարում` անկախ համակրանքներից և հակակրանքներից: Սա է տնտեսական հեղափոխության անկյունաքարային խնդիրը»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով` նաև անհատական ջանքն է, որ պետք է բերի տնտեսական հեղափոխության: «Աղքատության հաղթահարման միջոցը քաջալերելն է մարդկանց, որպեսզի զրոյից ստեղծեն բիզնես և ոտքի կանգնեն: Բարեգործության այն մոդելը, որ կիրառվել է Հայաստանում, դեգրադացրել է մեր տնտեսական հարաբերությունները, շատ դեպքերում մարդուն ոչ թե օգնել է, այլ խանգարել»,- նկատել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ կառավարության քաղաքականության իմաստն այն է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու կարողանա այս ուղերձը հստակ հղել:

Հիշեցնենք, որ սա 8-րդ բիզնես համաժողովն է, որն այս անգամ անցկացվում է Արագածոտնի մարզում: