ԱՄՆ բոլոր նահանգները պետք է միանան և ավելի շատ օգնեն Արցախին. Դեբրա Բեյզմոր

Առաջին անգամ եմ այցելում Արցախ, բայց խոստանում եմ, որ սա վերջինը չի լինելու: Ստեփանակերտում ընթացող «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի ժամանակ այս մասին «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է ԱՄՆ Ջորջիա նահանգի խորհրդարանական Դեբրա Բեյզմորը:

Խոսելով Արցախից ստացած առաջին տպավորությունների մասին՝ նա նշել է. «Անկարագրելի են Արցախից ստացած տպավորություններս: Ես անպայման կկիսվեմ շատշատերի հետ, որպեսզի ամբողջ աշխարհը տեղյակ լինի Արցախի և արցախցիների մասին: Կարծում եմ՝ յուրաքանչյուր երկիր պետք է իր անկախությունը պահպանի և կերտի վաղվա ապագան: ԱՄՆ բոլոր նահանգները պետք է միանան և ավելի շատ օգնեն Արցախին»:

Անդրադառնալով համաժողովին՝ մեր զրուցակիցն ասել է, որ այն լավ հարթակ է, որպեսզի Արցախն ավելի մոտիկից ճանաչեն, տեղում ծանոթանան իրավիճակին և ստանան իրենց հուզող մի շարք հարցերի պատասխաններ: