Արցախի պարագայում խորհրդարանական մակարդակով շփումների ու կապերի կարևորությունը առավել ընդգծվում է․ Աշոտ Ղուլյան

Հոկտեմբերի 11-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և ԱԺ պատգամավորները մասնակցել են «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» Արցախի բարեկամների համաժողովին: Այս մասին տեղեկացրել է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։

Բացելով համաժողովը՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ ընդունված է համարել, թե արտաքին հարաբերություններն իշխանության գործադիր թևի մենաշնորհն են, սակայն վերջին տասնամյակների ընթացքում միջազգային հարաբերություններում խորհրդարանական կառույցների ակտիվությունը, միջազգային խորհրդարանական կազմակերպությունների աշխատանքը վկայում են, որ օրենսդիր իշխանությունը ներկայացնող գործիչների մասնակցությունը միջազգային հարաբերություններում օրեցօր աճում է: «Արցախի պարագայում, երբ չճանաչվածության հանգամանքով պայմանավորված ունենք արտաքին քաղաքականություն վարելու սահմանափակ հնարավորություններ, խորհրդարանական մակարդակով շփումների ու կապերի կարևորությունը առավել ընդգծվում է»,- ասել է Աշոտ Ղուլյանը։

Համաժողովի առաջին նստաշրջանում Ազգային ժողովի նախագահը հանդես է եկել «Արցախի խորհրդարանական դիվանագիտության նոր հնարավորությունները» զեկույցով և ներկայացրել արտաքին քաղաքականության բնագավառում խորհրդարանի կողմից իրականացվող աշխատանքներն ու դրանք ակտիվացնելու հնարավորությունները:

Ելույթում Աշոտ Ղուլյանը անդրադարձել է 1994 թվականի մայիսին հրադադարի հաստատման ուղղությամբ տարվող բանակցություններում խորհրդարանականների մասնակցությանը, Ազգային ժողովում գործող բարեկամական խմբերի և շրջանակների գործունեությանը, քաղաքական ուժերի մակարդակով միջազգային համագործակցությանը և խորհրդարանական դիվանագիտության աշխուժացման գործում առանձին խորհրդարանականների անհատական պատրաստակամությանն ու ներգրավվածությանը:

«Հռչակվելով որպես խորհրդարանական ժողովրդավարություն՝ անկախության առաջին օրերից մեր հանրապետությունում օրենսդիր մարմինը՝ այն ժամանակ Գերագույն խորհուրդ անվանումով, իր կարևոր դերն է ունեցել թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մշակման ու վարման հարցում: Հատկանշական է, որ հենց այդ ժամանակներից սկսած խորհրդարանականները ակտիվորեն ներգրավված են եղել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում և մասնավորապես հրադադարի հաստատման ուղղությամբ տարվող բանակցություններում: Այս համատեքստում առանձնահատուկ տեղ պետք է հատկացնել 1994 թվականի մայիսի 4-5-ը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նախաձեռնությամբ Բիշքեկում կազմակերպած եռակողմ հանդիպմանը»,-ասել է Ղուլյանը:

Ղուլյանը նշել է, որ վերոնշյալ ժամանակահատվածում առկա էր այն գիտակցումը, որ կարգավորման գործընթացի համար կենսական է, որպեսզի երկխոսությունը վարվի ոչ միայն ռազմական և դիվանագիտական ղեկավարության միջև, այլև ժողովրդից անմիջական մանդատ ստացած խորհրդարանականների միջև, քանի որ նրանց միջամտությամբ համաձայնեցված ցանկացած փաստաթուղթ հավելյալ լեգիտիմություն էր հաղորդելու գործընթացին:

«Այս աշխատանքները առավել ակտիվորեն դրսևորվել են հատկապես 2012 թվականից և պատահական չէ, որ նշված ժամանակաշրջանից սկսած մենք ունեցել ենք առաջին արդյունքները: Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի, Բասկերի երկրի, ամերիկյան ինը նահանգների խորհրդարանների, ինչպես նաև մի շարք քաղաքների օրենսդիր մարմինների կողմից ընդունվել են բանաձևեր՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի ազատ և անկախ պետություն ունենալու իրավունքի: Նույն փաստաթղթերը միաձայն արձանագրում են տարածաշրջանում առկա խնդիրների խաղաղ լուծման և միջազգային հանրության հետ կառուցողական շփումներ հաստատելու Արցախի Հանրապետության պատրաստակամությունն ու վճռականությունը»,-մանրամասնել է Ղուլյանը:

Արցախի ԱԺ նախագահի խոսքով՝ այսօր Արցախի խորհրդարանում գործում են բարեկամության շրջանակներ Լիտվայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ, բարեկամական խմբեր՝ Եվրախորհրդարանի, Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի, Կանադայի հետ: «Այս ցանկում հատուկ չեմ նշում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի մասին, որովհետև այն երկու հայկական հանրապետությունների խորհրդարանների համագործակցության ամենաբարձր մակարդակն է և այդ հարաբերությունները չեն սահմանափակվում միայն արտաքին քաղաքական օրակարգով»,-ընդգծել է Ղուլյանը:

Ղուլյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Արցախի բոլոր բարեկամներին, Սփյուռքում գործող բոլոր ազգային կառույցներին, մասնավորապես, Հայ դատի հանձնախմբերին և Արցախին սատարող բոլոր կազմակերպությունների աշխատակիցներին: «Կասկած չունեմ, որ «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության համաժողովը» օգտակար հարթակ է լինելու նույն գաղափարների և արժեքների պաշտպանության համար այսօր Արցախում միավորված մեր բարեկամների համար ոչ միայն ավելի մոտիկից առնչվելու Արցախին և թարմացնելու իրենց պատկերացումները, այն նաև շփվելու միմյանց հետ, մտքեր ու կարծիքներ փոխանակելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ և ուրվագծելու ապագայի անելիքները»,- եզրափակել է Ղուլյանը: