Եվրամիությունը Թուրքիայից պահանջել է դադարեցնել ռազմագործողությունները Սիրիայում
Եվրամիության երկրները համատեղ հայտարարությամբ Թուրքիայից պահանջել են դադարեցնել Սիրիայի հյուսիսում սկսած ռազմագործողությունը և ընդգծել, որ Սիրիայի հարցը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով:
ԵՄ-ի արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչության հայտարարության մեջ նշված է.
«ԵՄ-ը կոչ է անում Թուրքիային վերջ տալ միակողմանի ռազմական գործողությունը: Հյուսիսում տեղի ունեցող նոր բախումները կխաթարեն տարածաշրջանի կայունությունը և պատճառ կդառնան մարդկանց տառապանքների և տեղահանության»:
Նշվում է, որ Թուրքիայի կողմից ստեղծվելիք անվտանգության գոտի կոչված տարածքը, ուր պետք է վերադառնան սիրիացի փախստականները, անհնար է, որ համապատասխանի ՄԱԿ-ի փախստականների հարցով բարձր հանձնակատարության կողմից սահմանված միջազգային չափանիշներին:
«Փախստականների վերադարձը պետք է անվտանգ և պատվաբեր լինի: Ժողովրդագրական պատկերը փոխող բոլոր նախաձեռնությունները չեն ընդունվելու»,-նշված է ԵՄ համատեղ հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ ընդգծված է, որ Թուրքիայի միակողմանի ռազմագործողությունները վտանգի տակ են դնում կոալիցիոն ուժերի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ունեցած ձեռքբերումները և փաստորեն հող նախապատրաստում ԻՊ-ի հզորացման համար:
Ռազմական գործողությունների մեկնարկից հետո հայտարարությամբ հանդես է եկել նաև ԵՄ հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: Նա ընդգծել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից ստեղծվելիք անվտանգությա գոտու համար ԵՄ-ը նյութական աջակցություն չի ցուցաբերելու: