Առաջին հերթին պետք է մեկուսացնել ահաբեկիչներին․ Ենոքյանը «Սասնա ծռերի» հայտարարության մասին

«Այն, որ «Սասնա ծռերը» ահաբեկչական կազմակերպություն է, կարծում եմ, դա ոչ մեկի մեջ կասկած չի հարուցում։ Եվ եթե կա նման գնահատական, բնական է, որ նրանց կողմից որևէ գործողության դեպքում՝ տեռորիստներին տրվող պատասխանը մեկն  է՝ ֆիզիկական ոչնչացումը»,- այս մասին LIVEnews.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի հայտարարություններին։

«Այն, որ Փաշինյանն օրինական ճանապարհով չի վերցրել իշխանությունը՝ ակնհայտ է։ Մենք տեսել ենք ճնշումներ Ազգային ժողովի վրա, որոնք իրենց մեջ քրեական հոդվածներ էին պարունակում, տեսնում ենք հիմա ճնշումներ դատարանների վրա, այնպես որ, ճշմարտություն է այն, որ կա իշխանության բռնազավթում»,- ասաց Ենոքյանը։

Հիշեցնենք, որ LIVEnews.am-ին տված հարցազրույցում Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով «Սասնա ծռերի» և Նիկոլ Փաշինյանի համագործակցությանը, նշել էր. «Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը մեկ ամբողջություն են, դա մեկ ահաբեկչական խմբավորում է. մեկը՝ զենքով, մյուսը գրչով իշխանությունը բռնազավթել են: Բարձրաձայն եմ ասում, թող Նիկոլի հպարտ քաղաքացիները լսեն, համայն հայությունն էլ լսի և րոպե առաջ քայլ անի: 2016 թվականին ներեցինք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ, որ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իմ, մեր ժողովրդի, մեր պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ»: Մեկնաբանելով «Սասնա ծռերի» հայտարարությունը, քաղաքագետն ընդգծեց․ «․․․Այդ սպառնալիքների կոլեկտիվ աղբյուրը բոլորին հայտնի 5-րդ շարասյունն է՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ստեփանակերտյան ռեժիմ, տարատեսակ բալասանյաններ և վանեցյաններ: Ուստի ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլև բոլորը միասին՝ որպես ազգային շահերի և մարդու դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով ստեղծված և գործող հանցավոր համագործակցություն, պետք է ժամ առաջ մեկուսացվեն և ենթարկվեն քրեական հետապնդման»։

«Առաջին հերթին պետք է մեկուսացնել տեռորիստներին, պետք է մեկուսացնել «Սասնա ծռերին», որոնց վրա քրեական հոդվածները կան, դատավարությունները դեռևս ընթանում են, այնպես որ, թող նախ երկիրը մաքրենք ահաբեկիչներից, հետո  նոր մտածենք, թե ո՞վ է իրականում հինգերորդ շարասյունը»,- եզրափակեց Ենոքյանը։