Գաղտնիք չէ, որ Արցախ-Հայաստան հարաբերություններում կան որոշակի լարվածություն և սառնություն․ Դ․ Իշխանյան (տեսանյութ)

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը LIVEnews.am-ի հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցող բուռն իրադարձություններին, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչվում են Արցախին։ Խոսելով 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին, Դավիթ Իշխանյանն ընդգծեց, որ արդեն մի քանի քաղաքական ուժեր իրենց հստակ տեսակետն են ներկայացրել, ուստի իրենք չեն կարող Դաշնակցության հետ որևէ քննարկում ունենալ, չեն կարող նաև համաձայնեցված թեկնածուի գաղափարն ընդունել՝ իրենք ունեն սեփական թեկնածուն: Դավիթ Իշխանյանը չբացառեց նաև Արցախում սպասվելիք նախագահական ընտրություններին դաշինքների ձևավորման գաղափարը։ Արցախի նախագահական ընտրություններին հայտ ներկայացրած թեկնածուներից որևէ մեկին  նախապատվություն տալուց մեր զրուցակիցը զերծ մնաց։ Նա շեշտեց, որ ոչ ոք, այդ թվում Ադրբեջանի նախագահը, չպետք է կասկածի, որ Արցախը Հայաստան է, սակայն այն, որ մենք ունենք Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն, այստեղ այլ քաղաքական դերակատարումների խնդիր կա։

«Անշուշտ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև չի կարող նման մթնոլորտ լինել, անկախ նրանից, թե ի՞նչ քաղաքական ուժ և ինչպիսի քաղաքական գաղափարների տեր անձնավորություն է իշխանության ղեկին, այստեղ կան ընդհանուր շահեր և այդ ազգային շահերը մեզ համար պիտի լինեն հիմնական թելադրողն ու դերակատարը»,-ասաց Դավիթ Իշխանյանը։

Մանրմասները՝ տեսանյութում

Լրագրող՝ Լուսինե Այրապետյան

Օպերատոր՝ Հակոբ Գումրոյան