Սերգեյ Սմբատյանը կղեկավարի «Լա Սկալայի» կամերային նվագախումբը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հոկտեմբերի 14-ին ելույթ կունենա համաշխարհային օպերային կենտրոններից մեկում՝ Միլանի «Լա Սկալա» թատրոնում (Teatro alla Scala)՝ ղեկավարելով «Լա Սկալայի» կամերային նվագախումբը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են, որ նվագախմբի համերգային ծրագրում ընդգրկված են ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից կոմպոզիտորների՝ Էդվարդ Գրիգի, Մաքս Բրուխի, Քշիշտոֆ Պենդերեցկու, Վախթանգ Կախիձեի ստեղծագործություններից։ Որպես մենակատարներ հանդես կգան ջութակահար Սիմոնիդե Բրոկոնին և դաշնակահար-կոմպոզիտոր Վախթանգ Կախիձեն։

Նշենք, որ դասական երաժշտության լավագույն բեմերից մեկը՝ «Լա Սկալան», հիմնվել է 1778 թվականին։ Տարբեր ժամանակներում թատրոնի գլխավոր դիրիժորներ են եղել Արտուրո Տոսկանինին, Կլադիո Աբադոն, Ռիկարդո Մուտին և աշխարհահռչակ այլ դիրիժորներ։