Բակո Սահակյանը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է ամերիկա-արցախյան հարաբերություններին վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սպիյերին և Ջուդի Չուին: Այս մասին տեղեկացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Քննարկվել են ամերիկա-արցախյան հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումն Արցախի արտաքին քաղաքական օրակարգի կարևոր ուղղություններից է՝ բարձր գնահատելով Միացյալ Նահանգների դերն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և մեր տարածաշրջանում կայունության պահպանման գործում:

Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պաշտոնատար այլ անձինք: