Դիլիջանում կովկասյան սկյուռի ձագուկ է նկատվել

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի էկոտուրզմի զարգացման մասնագետը «Միջնադարյան վանքերի արահետ» կատարած հերթական շրջայցի ժամանակ նկատել է կովկասյան (պարսկական) սկյուռի այս փափլիկ ձագուկին:

Այն սկյուռանմանների ընտանիքի սկյուռների ցեղի կրծող կենդանի է։ Մարմնի երկարությունը՝ մինչև 260 մմ է, պոչինը՝ 170 մմ։ Հետևի ոտքերը զգալի երկար են առջևիններից, թաթերը հնգամատ են՝ կոր, սուր ճանկերով։ Մորթին փափուկ է, մեջքի մասը գորշամոխրագույն է, դեպի ներքև՝ գորշասև, փորը՝ վառ ժանգագույն։ Բնակվում է հիմնականում հաճարենու, կաղնու անտառներում։ Բնադրում է փչակներում։ Սնվում է ընկույզներով, կորիզներով, ծառերի ու թփերի մատղաշ, կանաչ մասերով, պտուղներով, հատապտուղներով, սնկերով։ Կուտակում է կերի մեծ պաշար (ձմռան և վաղ գարնան համար), որը պահում է բներում, արմատների միջև, ժայռաճեղքերում և այլն։ Բազմանում է տարին 1-2 անգամ, ունենում մինչև 4 ձագ։