Հայաստանի և Ադրբեջանի «կետադրական նշանների» պատերազմը. Eurasianet-ի անդրադարձը

Երկու ամիս առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» «վիճահարույց» հայտարարությունից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջապես պատասխան արձագանք տվեց, tert.am-ի տեղեկացմամբ, գրում է ամերիկացի լրագրող Ջոշուա Կուչերան Eurasianet կայքում:

Փաշինյանի կտրուկ հայտարարությունն իրարանցում առաջացրեց, գրում է Կուչերան, քանի որ այն անհամաչափ էր Հայաստանի նախորդ իշխանությունների՝ այդ տարածքի վերաբերյալ արված հայտարարությունների հետ՝ տարածք, որը, տեսականորեն, մնում է հայերի և ադրբեջանցիների բանակցությունների առարկան:

Երկու ամիս անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Վալդայ» ակումբում բարձրաստիճան լսարանի, այդ թվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առջև պատասխանեց Փաշինյանի հայտարարությանը:

«Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան»,- հայտարարել է Ալիևը:

«Ադրբեջանի քծնող մամուլն Ալիևի սրամիտ արտահայտությունն այնպես էր լուսաբանում, ասես Ուինսթոն Չերչիլի հերթական գալուստն էր»,- գրում է լրագրողը:

Կուչերան, մասնավորապես, իր հոդվածում զետեղել է Ադրբեջանի նախագահի հայտարարության վերաբերյալ ադրբեջանական մամուլի արձագանքից հատվածներ:

«Ադրբեջանի նախագահի ելույթը կմնա «Վալդայ» ակումբի պատմության մեջ»,- գրել է ona.az-ը:

«Թրենդ» լրատվական գործակալությունը հայտնել է, որ «Փաշինյանի սադրիչ և խելահեղ հայտարարությունը» Ալիևի «ջախջախիչ» պատասխանով «ի չիք դարձավ»:

«Թուրան» լրատվական գործակալությունն էլ, ինչպես ասված է հոդվածում, իր լսարանի ուշադրությունը փորձել է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի նախագահի ելույթի ժամանակ «Վլադիմիր Պուտինը լարված լսում էր նրան»:

Ջոշուա Կուչերայի խոսքով՝ Ադրբեջանի առնվազն «ոչ կրեատիվ» հայտարարությունը «բարձր տրամադրությամբ է ընդունվել ադրբեջանական բանակում», իսկ Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունը հայտարարել է #KarabakhIsAzerbaijan հեշթեգով «միջազգային երիտասարդական արշավի» մեկնարկի մասին, որը ոգեշնչված է Ալիևի հայտարարությամբ:

Լրագրողը հավելում է, որ Փաշինյան-Ալիև «բանավոր պատերազմի» ֆոնին աստիճանաբար թեժանում է նաև պատերազմի վերահաս վտանգը: