Թրամփն սպառնացել է կործանել Թուրքիայի տնտեսությունը

ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ «կոչնչացնի ու կկործանի Թուրքիայի տնտեսությունը, եթե թուրքերն անցնեն թույլատրելիի սահմանը»։

Ermenihaber.am-ի տեղեկացմամբ, ԱՄՆ-ի նախագահի գրառումը վերաբերում է Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի նոր ռազմական գործողությանը։

«Ինչպես նախկինում հաստատակամորեն պնդել եմ, ուղղակի հիշեցման կարգով ասեմ, որ եթե Թուրքիան անի որևէ բան, որը ես, իմ մեծ և անմրցելի իմաստությամբ, համարեմ չափից դուրս, ապա լիովին կոչնչացնեմ և կկործանեմ Թուրքիայի տնտեսությունը (ես նախկինում դա արել եմ)։ Նրանք՝ Եվրոպան և մնացածը, պետք է ուշադիր լինեն»։

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել, որ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքում են Սիրիայի Եփրատ գետի արևելյան հատվածը, որտեղ Թուրքիան առաջիկայում պատրաստվում է ռազմագործողություններ սկսել քրդերի դեմ։