Փաշինյանի բերած նախարարը` բացահայտ սատանիստական քարոզչական ուղղվածություն ունեցող «մշակույթի» հովանավոր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «բացահայտ սատանիստական քարոզչության ուղղվածություն» ունեցող լեհական «Vader» խմբի ռոք կատարումները, որոնք իրենց էությամբ սատանիզմի արտահայտություն են ու հակամշակույթ, ս. թ. հոկտեմբերի 5-ին «Ֆեյսբուքի» իր էջում կատարած գրառմամբ, ըստ էության, հրապարակայնորեն համարել է մշակույթ (հիշենք, որ հայելային հակաշրջությունը սատանիզմի առավել կարևոր սկզբունքներից մեկն է, եթե ոչ կարևորագույնը), քանի որ հոկտեմբերի 5-ին հյուրընկալվելով Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանին, դատելով ամենից, նրա հետ խոսել է նշված խմբի ու տիկնիկայինում «Vader»-ի համերգի չեղարկման մասին:

Ահա Արայիկ Հարությունյանի վերոնշյալ ֆեյսբուքյան գրառումը. «Առավոտ կանուխ տիկնիկայինում հյուրընկալվեցի Ռուբեն Բաբայանին: Խոսեցինք վերջին օրերի զարգացումների մասին: Մշակույթում ազատ ստեղծագործելու սահմանափակումներն անընդունելի են, և որոշել ենք համատեղ պայքարել նման երևույթների դեմ»:

Հիշեցնենք, որ տիկնիկային թատրոնին ու նրա տնօրենին առնչվող վերջին օրերի զարգացումները վերաբերվում էին տիկնիկայինի դահլիճը «Vader» ռոք խմբին այնտեղ հոկտեմբերի 4-ին նախատեսված համերգի համար վարձակալությամբ տրամադրելուն, սակայն հանրային բողոքի ու քննադատության արդյունքում հիշյալ թատրոնում նշված համերգի չեղարկմանը (բացահայտ սատանիստական քարոզչական ուղղվածություն ունեցող խմբի համերգը նույն օրը ժամը 21:00-ից սկսվել է Երևանի Կորյունի փողոցի 19ա հասցեում գտնվող «Պոլիգրաֆում» ու շարունակվել կեսգիշերից հետո): Միաժամանակ ընդգծենք, որ «Vader» խմբի` բացահայտ սատանիստական քարոզչական ուղղվածություն ունենալու վերաբերյալ չակերտներում մեջբերված և իրականությանը միանգամայն համապատասխանող վերոնշյալ բնորոշումը հենց Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանինն է:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը տիկնիկայինի տնօրենի հետ հիշյալ հանդիպմամբ ու դրա մասին վերը նշված գրառմամբ փաստորեն իր զորակցությունն է հայտնել թատրոնի դահլիճը վերոնշյալ սատանիստական խմբին վարձակալությամբ տրամադրելու համար օրերս հասարակական քննադատության ու պարսավանքի արժանացած թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանին, որը նաև, հիշեցնենք, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության (Սորոսի հիմնադրամի հայաստանյան կառույցի) տնօրենների խորհրդի անդամ է ու բացասաբար է վերաբերվում ԼԳԲՏ անձանց կամ այլասերվածների նկատմամբ ցանկացած խտրականության:

Ավելին. նախարարը Երևանում և, մասնավորապես, տիկնիկային թատրոնում բացահայտ սատանիստական քարոզչական ուղղվածություն ունեցող ռոք խմբի համերգի դեմ մեր հասարակության մի մասի կողմից օրերս բարձրացված բողոքն ու քննադատությունը, ուղղակիորեն, թե անուղղակիորեն, համարել է մշակույթում ազատ ստեղծագործելու սահմանափակում, այդ սահմանափակումը համարել անընդունելի, և հայտարարել, որ տիկնիկային թատրոնի տնօրենի հետ որոշել են համատեղ պայքարել նման երևույթների, այսինքն`մշակույթում ազատ ստեղծագործելու սահմանափակումների դեմ: Թե ինչպե՞ս են պայքարելու, չգիտենք, նույնիսկ չենք պատկերացնում, բայց չենք էլ բացառում, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը կամ փաշինյանական իշխանությունը սատանիզմի ու սատանիստական խմբերի դեմ ԶԼՄ-ների քննադատական հրապարակումներ թույլ չտալու համար վաղը կամ մյուս օրը գրաքննություն մտցնի կամ այդպիսի հրապարակումներն արգելող օրենք ընդունի:

Եվս մեկ ընդգծում. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշված պաշտոնը զբաղեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջադրմամբ և նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, ինչը նշանակում է, որ նրանք քաղաքական ու բարոյական պատասխանատվություն են կրում Արայիկ Հարությունյանի հայտարարությունների, արարքների և այլ գործողությունների համար: Հետևաբար եթե բացահայտ սատանիստական քարոզչական ուղղվածություն ունեցող ռոք խմբի կատարումները, ուղղակիորեն, թե անուղղակիորեն, մշակույթ համարող, այդպիսի «մշակույթն» իր հովանավորության տակ վերցնող, դրա սահմանափակումներն անընդունելի համարող և այդ սահմանափակումների դեմ համատեղ պայքարի մասին հրապարակայնորեն հայտարարած Արայիկ Հարությունյանը մոտ ժամանակներս պաշտոնանկ չարվի, ապա պետք է ևս մեկ փաստ արձանագրենք առ այն, որ Նիկոլ Փաշինյանի`իր քրիստոնյա և Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ լինելու վերաբերյալ ասածները կեղծ են, ինչպես և վարչապետի այլ հայտարարություններ կամ հավաստումներ:

Ի՞նչ է` լինելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Արայիկ Հարությունյանը չգիտե՞, թե ինչ են ծանր (հարդ) և մետաղական (մետալ) ռոքները…

Կարծում ենք, շատ լավ էլ գիտե և «Ֆեյսբուքում» նման գրառում կատարելուց առաջ տեղյակ է եղել նաև, առնվազն պետք է տեղյակ լիներ, որ լեհական «Vader» խումբը հանդես է գալիս, տիկնիկայինում էլ պետք է հանդես գար (եթե դեմը չառնվեր), ի վերջո, նույն օրը Երևանում, «Պոլիգրաֆում» հանդես է եկել ռոքի Death (Death-Thrash- մահացու քոթակ) metal (մահացու մետաղական) ժանրով: Չենք կարծում, թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն ռոքի հիշյալ ժանրերի իրազեկման նպատակով կարիք ունի ինչ-որ լիկբեզի, սակայն մեր հասարակության մի ստվար հատված, հիմնականում երիտասարդությունն անտեղյակ է, թե այդ «մշակույթն» իրենից ինչ է ներկայացնում: Հենց դա նկատի ունենալով, առաջիկայում հնարավորինս հանգամանորեն կներկայացնենք իրականությունն այդպիսի ռոքի վերաբերյալ, դրա բոլոր վտանգները:

Արթուր Հովհաննիսյան