«Հյուսիսային պողոտա» և «Կասկադ» ծրագրերի անվան տակ տեղի է ունեցել սեփականության անթույլատրելի, անարդարացի վերաբաշխում․ Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կարծիքով, «Հյուսիսային պողոտա» և «Կասկադ» ծրագրերի անվան տակ տեղի է ունեցել սեփականության անթույլատրելի, անարդարացի վերաբաշխում: Այդ ընթացքում ի հաշիվ հարյուրավոր ընտանիքների ունեզրկման՝ անօրինական շահույթ են ստացել առանձին գործարարներ: Թաթոյանն այսպիսի տեսակետ հայտնեց պետության կողմից «Հյուսիսային պողոտա», «Կասկադ» ծրագրերով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման թեմայով խորհրդարանական լսումներում:

«Երևանի և Հայաստանի ցանկացած այլ բնակավայրի բարեկարգումն ու կառուցապատումն ունի կարևոր նշանակություն: Սակայն ընդունելի չէ այդ բարեկարգման իրականացումը մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտումներով, օրենքի անտեսմամբ, բնակչության ունեզրկման, երկրում աղքատության ավելացման հաշվին: Երևանի կառուցապատման ծրագրերով 2000-ականներից սկսած քաղաքացիների սեփական բնակարանները, շինությունները և հողատարածքները հասարակական կարիքների համար կառավարության որոշումներով ճանաչվել են բացառիկ գերակա հանրային շահ և օտարվել՝ պետական կարիքների համար հիմնավորմամբ: «Հյուսիսային պողոտա» և «Կասկադ» ծրագրերն իրականացվել են հենց այդ ճանապարհով: Այդ ծրագրերի իրականացման անվան տակ տեղի է ունեցել սեփականության վերաբաշխում՝ անթույլատրելի, անարդարացի վերաբաշխում: Այդ ընթացքում ի հաշիվ հարյուրավոր ընտանիքների ունեզրկման՝ անօրինական շահույթ են ստացել առանձին գործարարներ: Եվ Երևանի կենտրոնական հատվածները կենտրոնացվել են առանձին անհատների ձեռքում»,-ասաց Թաթոյանը:

ՄԻՊ-ը նշեց, որ Երևանի բարեկարգման և կառուցապատման լայնածավալ ծրագրի իրականացման նպատակով քաղաքացիներից վերցվել են նրանց սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող հողատարածքներն ու բնակարանները, և հարյուրավոր ընտանիքներ դարձել են անօթևան: «Կառավարության այդ որոշմամբ այդպես էլ չբացահայտվեց «պետական կարիք» հասկացության բովանդակությունը, չընդունվեց առանձին օրենք, որով սահմանված կլիներ գույքի օտարման բացառիկ կարևորությունն ու նշանակությունը, օտարման գոտին և գերակա շահը»,- ասաց Թաթոյանը և հավելեց, որ կառավարությունն ինքն է սահմանել նման գոտիներ և որոշում է ընդունել՝ իրացնողին իրավունք վերապահել սահմանել և սեփականատիրոջն առաջարկել փոխհատուցման չափը։

ՄԻՊ-ը նկատեց՝ ինչպես օտարվող սեփականության սեփականատերը, այնպես էլ օտարման արդյունքում ազդեցության ենթակա այլ քաղաքացիները, որպես կանոն, պատշաճ կամ ընդհանրապես տեղեկացված չեն եղել և չեն մասնակցել համապատասխան որոշումների ընդունմանը: «Մի քանի տասնյակ ընտանիքներ՝ մեծ մասը բազմանդամ, որոնք սեփականատերեր են համարվել  դեռ 30-40-ական թվականներից, դիտվել են միայն որպես տվյալ բնակարանների օգտագործողներ և վտարվել են աննշան փոխհատուցմամբ: Դատարաններն ակնհայտ անարդար անտեսել են իրացնողի ներկայացրած պայմանագրերի միակողմանի կազմված լինելը, բացառապես բավարարել են պայմանագիր կնքելուն հարկադրելու և զբաղեցրած տարածքից վտարելու վերաբերյալ իրացնողի ներկայացրած հայցերը»,-ասաց ՄԻՊ-ը:

Թաթոյանը նկատեց, որ նման վիճակ առաջացել է նաև այն պատճառով, որ մինչև վերոհիշյալ ծրագրեր կազմելն ու գործադրելը չի հստակեցվել վերցնելու ենթակա տարածքների, դրանց վրա գտնվող կառույցների կարգավիճակը, դրանց տիրապետողներին հնարավորություն չի տրվել օգտվել իրենց իրավունքների օրինական ձևակերպման օրենսդրական  սկզբունքներից, հակառակը՝ պետական լիազորված մարմինն օգտագործել է իրավունքը բացառող ձևական հիմքերը և նույնիսկ արգելքներ է ստեղծել նման ձևական հիմքերը վերացնելու ճանապարհին:

Ուսումնասիրելով բողոքներում շարադրված հանգամանքները՝ ՄԻՊ-ը հանգել է այն եզրակացության, որ օտարված տարածքների նախկին բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող Կենտրոն վարչական շրջանի՝ Արամի, Բուզանդի, Ֆիրդուսի, Հանրապետության, Խանջյան փողոցներում և Կոնդ թաղամասում գտնվող բնակելի տարածքները  օտարվել են 30-ամսյա ժամկետում նորակառույց բազմաբնակարան շենքերում բնակարաններ ձեռք բերելու, այսինքն՝ համարժեք փոխհատուցում ստանալու օրինական ակնկալիքով: Սակայն դա մինչև օրս հաշվի չի առնվել: «Վերոգրյալից հետևում է, որ քաղաքաշինական նպատակներով որպես բացառիկ գերակա հանրային շահ հասարակության և պետության կարիքների համար նշված տարածքների օտարումը չի բխում հանրության կարիքներից, քանի որ նշված տարածքներից շատերում որպես փոխհատուցում կառուցվող շինությունները՝ բազմաբնակարան շենքերը չեն ծառայում իրենց նպատակին, տարիներ շարունակ մնացել են կիսակառույց: Եվ երկրորդ՝ դա չի բխում հանրության շահերից, քանի որ օտարված տարածքների նախկին իրավատերերը ստիպված են եղել տարիներ շարունակ բնակվել վարձակալական հիմունքներով, արդյունքում մինչև օրս չստանալով համարժեք փոխհատուցում»,- ասաց Թաթոյանն ու հավելեց, որ անհրաժեշտ է խնդիրը կարգավորել՝ օրենքում փոփոխություններ կատարելու միջոցով: