Գենի հետազոտություն անցած թուրքերի մի մասը պարզել է իր հայկական ծագումը

«Աշխարհում միլիոնավոր մարդիկ գենի (ԴՆԹ-ի) հետազոտություն են անցնում՝ պարզելու իրենց նախնիների ծագումը: Ermenihaber.am-ի տեղեկացմամբ, Թուրքիայում այդ թեստն արգելված է, սակայն արտասահման մեկնած բազմաթիվ թուրքեր, նշյալ գենետիկական հետազոտությունն անցնելով, պարզում են, որ իրենց նախնիները հայեր, հրեաներ կամ կարմրամորթներ են»,- գրում է լիբերալ ուղղվածություն ունեցող «Ahval» թուրքալեզու կայքի վերլուծաբան Սիբել Էքինը:

Այդպիսի հետազոտություն անցած մարդկանց հանդիպելուց հետո՝ Էքինը պատմել է, թե գենետիկական ուսումնասիրության թեստը ինչպես է պատվիրվում. ծառայություն մատուցող ընկերությունները (Heritage, 23andme, Ancestry) հատուկ տուփ են ուղարկում, որի համարով պետք է գրանցվել ընկերության կայքում, ապա թեստը պատվիրողի թքի օրինակով տուփը պետք է հետ ուղարկել: Մեկ ամիս հետո պատասխանները ուղարկվում են էլեկտրոնային հասցեին: Պատասխանների մեջ տեղեկություն է տրվում, թե հարցում անողը որ ռասայից է սերում ու այդ ռասային պատկանող ինչ ազգականներ ունի: Հավելավճարի դեպքում տրվում են նաև այլ տեղեկություններ, ինչպես օրինակ՝ որ գենետիկական մակարդակում ինչ հիվանդության կրող է տվյալ անձը:

Թուրքիայի Բայբուրթ (պատմ. Բաբերդ) քաղաքում բնակվող Գյուլ Չելիքը, որն արտասահմանում գենի թեստ է պատվիրել, հեղինակին պատմել է, որ իր տոհմածառի մեջ հայտնաբերվել է մոնղոլական գեն, որին 1600-ականներին ավելացել է իտալական, 1700-ականներին հրեական, 1800-ականներին հայկական, իսկ հետո նաև հունական գեն:

«Մենք Բայբուրդից ենք, սակայն թեստը ցույց տվեց, որ հայ ենք: Ըստ թեստի՝ բավականաչափ իտալական  ու հունական արյուն էլ կա մեր մեջ: Մորական տատիկիս հարցրի, թե արդյոք մենք հայ ենք, տատիկս հրաժարվեց, ասաց՝ չկա այդպիսի բան: Մեր ընտանիքի մեծերը չուզեցան հավատալ թեստի արդյունքներին, ասելով, որ իրենք տեղյակ չեն իրենց հայկական գենի մասին: Ես նրանց ասի, որ դա գիտական թեստ է, սակայն նրանք չցանկացան լսել ինձ»,- պատմել է Չելիքը:

Վերջինս պատմել է նաև, որ ամուսինն էլ պարզել է իր հունական ծագումը, սակայն երբևէ ընտանիքում իր հույն լինելու մասին որևէ բան չի լսել, հույն ազգականներ չունի ու մեծացել է որպես մուսուլման թուրք:

Թուրքիայում ապրող մի մաթեմատիկայի պրոֆեսոր էլ, որը չցանկանալով ներկայանալ, պատմել է, որ ԱՄՆ-ում պատվիրած թեստի արդյունքում պարզել է, որ իր ընտանիքը նախ բնակվել է Տրապիզոնում, հետո Արդվինում, ապա Ռիզեում, որից հետո նոր եկել են Սամսուն: Այշե պայմանական անունով հանդես եկող մաթեմատիկոսը նշել է, որ այդ հերթականությունը իրեն շատ է զարմացրել, քանի որ ինքն իմացել է, որ իրենք Ռիզեից են, սակայն ավելի ուշ իր ընտանիքի մեծերը հաստատել են, որ իրենց նախնիները իսկապես Տրապիզոնից են:

«Արդյունքներից իմացա նաև նախնիներիս՝ որոշ ժամանակ Արդվինում բնակվելու մասին: Հիմա պարզ է, որ վրացական ծագումով տատիկս այնտեղից է (Արդվինի զգալի մասը ժամանակին վրացիներ էին-խմբ.)»,- պատմել է Այշեն: