Ռուբեն Բաբայանի` ծպտյալ մասոն լինելու մասին լուրերին արդեն դժվարանում ես չհավատալ

«Ես բացարձակապես չեմ բացառում, որ սատանիզմը որպես ըմբոստության սիմվոլ է օգտագործվում՝ ընդդեմ ամեն վատի». սա Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում երեկ նախատեսված, բայց քննադատության, հասարակական ճնշման արդյունքում չեղարկված «Vader» սատանիստական ռոք խմբի համերգի ու նշված խմբի վերաբերյալ թատրոնի գեղարվեստական ղեկավար ու տնօրեն Ռուբեն Բաբայանի արտահայտած «դարակազմիկ» միտքն է` panarmenian.net կայքին օրերս տված հարցազրույցում:

Գյումրեցին կասեր` իյա՜, ծո, էս ի՞նչ կըսես…

Լո՞ւրջ է ասել պարոն Բաբայանը… Իսկապե՞ս համարում է, որ սատանիզմը կարող է որպես ըմբոստության խորհրդանիշ (սիմվոլ) օգտագործվել ընդդեմ ամեն վատի… Բա այդ միտքը որ արտահայտել է, իր գլխում ինչ-որ պայթյուն կամ վթար չի՞ եղել, դրանց բնորոշ ձայներ չի՞ լսել… Սատանիզմը, որը հիմնված է Սատանայի կերպարի` աշխարհում, ողջ տիեզերքում ամենայն վատի ու չարի մարմնացման վրա, և որն իր բովանդակությամբ, գաղափարախոսությամբ, քարոզչությամբ չարիք է միայն` իր հետևորդներին հոգևոր կործանում առաջնորդող, ախր ինչպե՞ս կարող է որպես ըմբոստության խորհրդանիշ օգտագործվել ընդդեմ ամեն վատի: Բաբայանի բացարձակապես չբացառածն ընդհանրապես զուրկ է տրամաբանությունից, նոնսենս է, անհեթեթություն, և ի՞նչ է` մի՞ թե ինքը դա չէր գիտակցում ու չի գիտակցում…

Սատանիզմը կարող է որպես ըմբոստության խորհրդանիշ օգտագործվել միայն ընդդեմ Աստծո և ամեն լավի`խորհրդանշելով մարդկությանը հայտնի առաջին և ամենամեծ ըմբոստի`Սատանայի ըմբոստացումն Աստծո դեմ: Լավ չէ՞ր լինի` տիկնիկայինի տնօրենը լռեր, այդ մասին ընդհանրապես չխոսեր, մանավա՛նդ, որ նույն հարցազրույցում ինքն է ասել` «Ես շատ քիչ բան գիտեմ սատանիզմի մասին», ինչին անձամբ ես, իհարկե, դժվարանում եմ հավատալ: Պարզ երևում է, որ տեղերը շուռ է տվել` «Vader» խմբի սատանիզմը և իր կամ տիկնիկային թատրոնի ղեկավարության կողմից նշված խմբին տիկնիկայինի դահլիճը վարձակալությամբ տրամադրելու փաստն արդարացնելու համար:

Թատրոնի տնօրենն այսպիսով փորձել է ինչ-որ բացատրություն, անուղղակիորեն նաև արդարացում գտնել-ներկայացնել ռոքի Death (Death-Thrash- մահացու քոթակ) metal (մահացու մետաղական) ժանրով հանդես եկող լեհական «Vader» խմբի, հենց Բաբայանի իսկ բառերով, «բացահայտ սատանիստական քարոզչության ուղղվածություն» ունենալուն: Այս ամենից հետո արդեն դժվարանում ես չհավատալ տիկնիկային թատրոնի տնօրենից բացի, նաև «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության (Սորոսի հիմնադրամի հայաստանյան կառույցի) տնօրենների խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանի վերաբերյալ տարածված այն խոսակցություններին, թե նա Հայաստանի ծպտյալ մասոններից մեկն է:

Նույն հարցազրույցում շփոթահար Բաբայանը, ինչպես ասում են, մեկ նալին է խփել, մեկ` մեխին: Ահավասիկ. նշելով, որ «Թատրոնը միշտ աջակցել է ռոք համերգներին, և՛ հայկական, և՛ արտերկրի խմբերին», նա մի կողմից ասել է. «Բայց այս տարիների ընթացքում, երբ ես եմ ղեկավարում թատրոնը, կտրականապես արգելված է որևէ քարոզչություն՝ լինի դա կուսակցական, թե կրոնական: Ցավոք սրտի, այս ռոք խումբն ունի բացահայտ սատանիստական քարոզչության ուղղվածություն, որի մասին իր հարցազրույցներում բազմիցս ասել է խմբի ղեկավարը»: Սա նույնպես «Vader»-ի ու նրա համերգի առնչությամբ թատրոնի տնօրենի խոսքն է. «Բոլոր դեպքերում, այդտեղ կա որոշակի քարոզչություն՝ էլի կրոնական. աստված է, սատանա է՝ իրականում ի՞նչ տարբերություն, քարոզչությունը մնում է քարոզչություն» (այո, ճիշտ է ասում Բաբայանը` «Vader»-ի, նրա համերգի պարագայում կա Սատանայի, սատանիզմի քարոզչություն, բայց ոչ թե կրոնական (կրոնը ճանապարհն է դեպի Աստված), այլ հակակրոնական, որը տանում է դեպի Սատանան):

Եվս մեկ մեջբերում Բաբայանի խոսքից. «Ես պարզապես որպես թատրոնի տնօրեն ունեի մի մտավախություն. սա կարող էր դառնալ նախադեպ, որ քարոզչական տարբեր խնդիրներով տառապող խմբեր փորձեին օգտագործել այս թատրոնի բեմը: Սահմանափակումը սա էր…»:

Սակայն հավաստելուց հետո, որ տինիկայինում քարոզչության արգելումը «թատրոնի կողմից ընդունված սկզբունք» է, Ռուբեն Բաբայանը մյուս կողմից ասել է. «Ես կարծում եմ, որ այսօր լուսավորության և կրթության մեջ մենք մեծ պրոբլեմ ունենք: Այն, ինչ ասում եք, ոչ թե պետք է մակերեսային մակարդակով մատուցվի, այլ խորանալ, որպեսզի հասկանալ, որ արվեստը շատ ավելի լայն և շատ ավելի բազմագույն երևույթ է, քան պարզունակ ճշմարտությունները։ Ու սա պետք է սկսվի դպրոցից: Եթե չլիներ հանրության մշակութային կրթության այդ պրոբլեմը, համերգի՝ տիկնիկայինում չեղարկում չէր լինի»: Բնականաբար, հարց է առաջանում` բա այդ դեպքում ո՞ւր մնաց տինիկայինում քարոզչության արգելման`թատրոնի կողմից ընդունված սկզբունքը…

Վերը շարադրվածից պարզ է դառնում, որ Ռուբեն Բաբայանը կա՛մ ստում է, այսինքն` տիկնիկայինը չունի քարոզչության արգելման սկզբունք, կա՛մ էլ, չնայած նշված սկզբունքի առկայությանը, գնացել է այն խախտելու քայլին`հանուն, իր իսկ բառերով, «բացահայտ սատանիստական քարոզչության ուղղվածություն» ունեցող «Vader» խմբին տիկնիկայինի դահլիճը տրամադրելուն: Միայն թե դրան խանգարել է, ինչպես ինքն է ասել, «հանրության մշակութային կրթության այդ պրոբլեմը», այսօր լուսավորության և կրթության մեջ մեր ունեցած մեծ պրոբլեմը, ներկայիս ժամանակաշրջանում խավարամտության գլուխ բարձրացնելը, այլապես, դարձյալ իր խոսքն է, «համերգի՝ տիկնիկայինում չեղարկում չէր լինի»:

Արվեստի, գրականության առաքելությունը (բարության, սիրո, գեղեցկի քարոզը) «մոռացած» տիկնիկայինի տնօրենը դարձյալ նույն հարցազրույցում ասել է. «Բացարձակապես չեմ բացառում նման (նկատի ունի` «Vader» խմբի.- Ա. Հ.) արվեստի առկայությունը. այն ունի բազմադարյա պատմություն և՛ գեղարվեստի մեջ, և՛ գրականության մեջ, եթե մենք նայեք Գյոթեի «Ֆաուստը», Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» և շատ այլ գործեր: Այս ձևը՝ ես նկատի ունեմ «դիվային մոտեցումը», արվեստի ասպարեզում եղել է մշտապես, և դա չի բացառել արվեստի մեծ գործեր ստեղծելը»:

Սատանիստական քարոզչական ուղղվածություն ունեցող կամ սատանիզմ արտահայտող արվեստի գոյությունը բացարձակապես չբացառող (երևի նաև սիրահա՞ր) Ռուբեն Բաբայանն անտեսել է, որ իր նշած գրական ստեղծագործություններում դևի կամ Սատանայի գրական կերպարը կա, բայց ո՛չ` «դիվային մոտեցումը», և որ այդ ստեղծագործությունները Սատանայի ու սատանիզմի քարոզչություն չեն, առավել ևս` բացահայտ սատանիստական քարոզչական ուղղվածություն ունեցող, ինչպիսին են «Vader» ռոք խումբը և նրա կատարումները կամ, թեկուզ, կատարումների մի մասը:

Ինչ վերաբերում է երեկ տիկնիկայինում նախատեսված, բայց չեղարկված «Vader» խմբի համերգին, ապա այն, այնուամենայնիվ, կայացել է մեկ այլ վայրում` Երևանի Կորյունի փողոցի 19ա հասցեում գտնվող «Պոլիգրաֆում», նախատեսված էր, որ այն սկսվելու է 21:00-ին և ավարտվելու 01:00-ին: Այսօր «Vader» խումբը ժամը 19:00-ից համերգով հանդես է գալու Թբիլիսիում գտնվող «Elektrowerk» երաժշտական ակումբում: Ի տարբերություն Երևանի, «Vader»-ն Արևմուտքին Հայաստանից ավելի վաղ և առավել մեծ չափով տրված Վրաստանի մայրաքաղաքում առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս:

Արթուր Հովհաննիսյան