Հեյդար Ալիևը կողմ է եղել բանակցությունների եռակողմ ձևաչափին․ Հայ Դատի հանձնախումբը փաստաթուղթ է հրապարակել (լուսանկար)

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հրապարակել է Սպիտակ տան կոնֆիդենցիալ փաստաթուղթ, որտեղ մանրամասներ են ներկայացվում 1997 թ․ օգոստոսի 1-ին Օվալաձև աշխատասենյակում ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հանդիպմանը տեղի ունեցած խոսակցությունից:

Հայ դատի հանձնախմբի կողմից «Թվիթեր»-ի միկրոբլոգում արված հրապարակման և գրառման մեջ հետաքրքիր մանրամասներ են բացահայտվում առ այն, որ Հեյդար Ալիևը դեմ չի եղել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ ԵԱՀԿ-ի հովանու ներքո բանակցություններում Արցախի՝ որպես բանակցող կողմ ներգրավելուն:

Ալիևն ասել է. «Ուղղակի բանակցությունների համար Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ներկայացված են Մինսկի խմբի գործընթացում: Մենք սա շարունակելու ենք…»:

Փաստաթղթում նախագահների խոսակցության սղագրության մեջ երևում է նաև, թե ինչպես է Հեյդար Ալիևը նշում է, որ Ադրբեջանն «ամենաշատը վստահում է Միացյալ Նահանգներին» ու իր համոզմամբ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրում ԱՄՆ-ը կարող է բոլորից կարևոր դեր ունենալ:

Իր հերթին Բիլ Քլինթոնը նշել էր, որ ԱՄՆ-ը շատ լրջորեն է մոտենում ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահությանը: